37 հազար պակիստանցի մասնակցել են բժշկության և հրաշքների փառատոնին
Կրուսեյդի կազմակերպիչների հաշվարկներով մոտ 37 հազար մարդ չորս օրվա ընթացքում լսեցին Ավետարանը, իմացան Հիսուս Քրիստոսի մասին:
Կրուսեյդի առաջին երկու օրը՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին ծառայությունն անց կացրեց երիտասարդ քարոզիչ Անտոն Տիշչենկոն: Երրորդ և չորրորդ ծառայություններին քարոզեց Դմիտրի Մակարենկոն: Ուկրաինացի այս քարոզչի անունն ավելի ու ավելի է հանրահայտ դառնում Պակիստանում: Այստեղ շատերն են սպասում նրա ժամանմանը, ջանում են ամեն կերպ ներկա գտնվել նրա ծառայություններին: Բազմաթիվ ցուցատախտակներ, վահանակներ ու գրքույկներ ազդարարում են նրա ծառայությունների մասին:
Մակարենկոյի ծառայությանն այցելել է անգամ Պակիստանի մինիստրներից մեկը, որ իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է. «Երբ դադարում ենք Աստծուն աղոթելուց, չարը սկսում է աճել»:
Դիմելով հազարավոր մարդկանց, Մակարենկոն իր ուղերձը սկսեց հետևյալ խոսքերով. «Այսօր մենք կտեսնենք հրաշքներ, որոնք Աստված է կատարում: Սակայն որպեսզի դրանք կատարվեն, մեզ անհրաժեշտ է հավատ, իսկ հավատը ծնվում է Աստծո Խոսքը լսելուց»: Քարոզից հետո նա աղոթեց հիվանդությունների բժշկության և անեծքների վերացման համար, հռչակեց Աստծո զորության ազդեցությունը հավաքվածների վրա: Աղոթքի ժամանակ շատերն ակնհայտորեն ազատագրվում էին դիվային ազդեցություններից ու մոլեգնություններից:
Ծառայությունների գագաթնակետը անհավանական հրաշքների ու բժշկությունների վկայություններն էին: Հատկապես ցնցող էր պակիստանցի աղջնակի հետ կատարվածը: Աղջկա մայրը պատմեց, որ երեխայի երկու ոտնաթաթերը դեֆորմացված էին՝ շրջված էին դեպի հակառակ կողմեր: Աղջիկը չէր կարող ինքնուրույն նույնիսկ կանգնել: Աղջկա մայրը, տեսնելով, որ աղջկա մի ոտնաթաթը ուղղվում է, վազելով բեմ բարձրացավ: Հաջորդ հրաշքը կատարվեց այն բանից հետո, երբ հովիվը ձեռքը դրեց աղջկա ոտքերին և աղոթեց: Բոլորի աչքի առաջ երկրորդ ոտքը նույնպես սկսեց շտկվել, մինչև որ երկու ոտքերն էլ ստացան բնական տեսք:
Մի տղամարդ 20 տարի տեղաշարժվել էր հատուկ հենակների օգնությամբ: Աղոթքի ընթացքում նա սկսեց քայլել առանց կողմնակի օգնության:
Մի երիտասարդ աղջիկ երեք տարի անդամալույծ էր: Նա չէր քայլում և չէր խոսում: Այժմ նա վազում է, ուրախությունից պարում, և խոսքն էլ վերականգնվել է:
18 ամյա աղջիկը ծնվել էր չաշխատող ձեռքով: Կրուսեյդի ծառայություններից մեկի ժամանակ աղջիկը ցուցադրեց, թե այժմ որքան հեշտությամբ է նա շարժում իր ձեռքը:
Ծառայությունների ընթացքում տեղի ունեցան բժշկության բազմաթիվ այլ հրաշքներ:
Ըստ www.cnlnews.tv -ի: