Անհոգ մի՛ եղիր
Ապրիլի 24-ի կիրակնօրյա ծառայության պատգամախոսը «Նոր սերունդ» եկեղեցու քարոզիչ Հրաչ Մանուկյանն էր:
Փրկությունը, որ ստացել ենք Տիրոջից որպես շնորհ, պետք է ամուր պահել:
Կան քրիստոնյաներ, որ թեև ունեն վերստին ծնունդ, ստացել են փրկության շնորհը, բայց ապրում են քրիստոնյային ոչ վայել կյանքով: Սակայն եթե ընդունել ենք Տիրոջը որպես Տեր և որպես Փրկիչ, դա փրկության նկատմամբ անհոգ լինելու իրավունք չի տալիս:
«Ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անհոգ լինենք այնպիսի մեծ փրկության հանդեպ, որ հռչակվեց Տիրոջ կողմից»: (Եբր.2:3):
Ապաշխարության աղոթքն անելիս մարդ պետք է ընկալի, որ ինքը հրաժարվում է իր նախկին կյանքից: Իր կյանքի տերն այլևս ինքը չէ, այլ Հիսուսը: Եվ եթե դրանից հետո նա շարունակի ապրել նախկին կյանքով, ապա շուտով կհոգնի, կշեղվի և կկորցնի փրկությունը:
Տերը հորդորում է, որ քայլենք Իր ճանապարհներով: Եթե խստացնենք մեր սրտերը և անտեսենք Տիրոջ ճանապարհները, ապա շուտով կկորցնենք մեր փրկությունը:
Հայտնության գրքում գրված է, որ ով հաղթի, նրա անունը չի ջնջվի Կյանքի գրքից: Ուրմեն կլինեն նաև պարտվողներ, որոնց անունը ջնջվելու է կյանքի գրքից: Չպարտվելու պայմանը Հոր կամքը կատարելն է:
Մարկոսի 34:35 խոսքը անգլերեն ընդլայնված թարգմանություն հնչում է այսպես՝ Ով ուզում է Իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա, մոռանա, անտեսի, հրաժարվի:
Հիսուսն ասաց, որ դեպի փրկություն տանող դուռը նեղ է: Այդ նեղ դուռը սեփական անձը ուրանալու ճանապարհն է: Ով կատարում է Հոր կամքը, նա կարժանանա փրկության: Հոր կամքը Աստծո խոսքն է: Այն կատարել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապաշխարել ես ու խոնարհվել Տիրոջ առաջ: Այդ դեպքում Սուրբ Հոգին, որ բնակվում է մեր մեջ, մեր փոխարեն կկատարի Աստծո կամքը:
Սիրենք Աստծո Խոսքը, քայլենք Տիրոջ ճանապարհներով. սրանով ամուր կպահենք մեր փրկությունը և չենք կորցնի այն: Երբ մենք ակնածանքով ենք մոտենում Աստծո Խոսքին, Սուրբ Հոգին այցելում է մեզ: Մարդուն օդի, հաց ու ջրի նման անհրաժեշտ է Աստծո Խոսքը: Միայան Աստծո Խոսքը կատարելով է հնարավոր պահել փրկությունը:
Սեփական լրատվություն