Աստծո բարեկամ
Մենք հավատ ունենք: Բայց պետք չէ կենտրոնանալ միայն հավատի վրա և մոռանալ գործերի մասին: Հավատը շատ կարևոր է, բայց առանց գործերի այն մեռած է (Հակ.2:20): Գործերն էլ առանց հավատի չեն կարող տանել փրկության: Հավատը պետք է ապացուցվի գործերով:
Մենք հավատացյալներ ենք, հավատում ենք, ունենք հավատ: Դա նշանակում է, որ մենք պետք է չերևացող բաներին հավատանք այնպես, ինչպես երևացող բաներին (Եբր.11:1): Հիսուսն ասաց, որ երբ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իր անունով, Ինքը այնտեղ կլինի (Մաթ.18:20): Երբ մենք հավաքվում են Նրա անունով, մենք չենք տեսնում Նրան, բայց հավատում ենք, որ Նա այստեղ է Սուրբ Հոգու միջոցով:
Հավատի հայրը Աբրահամն է: Նա հավատաց Աստծուն, թողեց ամեն բան և գնաց դեպի մի երկիր, որը չէր տեսել: Թեև չէր տեսել, բայց հավատաց Աստծո խոսքին ու գնաց (Ծն. 12:1):
Աբրահամի հավատն իրեն արդարություն համարվեց (Ծն.15:6): Հակոբոս առաքյալն էլ է խոսում Աբրահամի մասին.
«Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացաւ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վերայ։ Տեսնո՞ւմ ես, որ հաւատքը նորա գործերի հետ միասին գործեց. Եւ այն գործերովը հաւատքը կատարեալ եղաւ. Եւ Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ »: Հակ.2:21-22:
Աբրահամը գործերով ապացուցեց իր հավատը: Միայն դրանից հետո Աբրահամի հավատը «կատարյալ եղավ»:
Ապացուցի՛ր քո հավատը: Եթե այն ուղեկցվում է գործերով, ուրեմն կատարյալ է: Հիսուսն ասաց՝
«Ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։ Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք»: Մաթ.25:42-43:
Հիսուսը սա ասում էր հավատացյալներին: Ավելին, նա ասում էր՝ «Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ» (Մաթ.25:41): Ինչո՞ւ: Որովհետև նրանց հավատը մեռած էր, հաստատված չէր գործերով:
Հավատը և սերը նման են՝ եկուսն էլ ապացույց են պահանջում: Իսկ ապացույցը գործերն են:
Գործերի շնորհիվ դու ոչ միայն կհաստատես քո հավատը, այլև կարժանանաս Աստծո բարեկամ կոչվելու պատվին, ինչպես Աբրահամը:
Երբ Հիսուսն ասում էր՝ չկերակրեցիք, չխմեցրիք, չհագցրիք, չայցելեցիք, դրանով Նա ասում էր, որ Ինձ նման չեղաք: Եթե դու նմանվես Հիսուսին, դուրս գաս մեղքից, ապա քո փորձությունը կհատուցվի ավելի մեծ օրհնությունով: Աբրահամը ենթարկվեց Աստծուն, հավատաց, գնաց դեպի փորձությունը՝ իր որդուն տարավ զոհելու: Աստված դրանով ցույց տվեց աշխարհին, որ Աբրահամը հավատում է Իրեն: Ու Աբրահամը արժանացավ մեծագույն օրհնությունների: Նա որպես հայր պատրաստ էր զոհել իր միակ որդուն, այդ պատճառով Աստված նրան արժանացրեց ազգերի ու բազմությունների հայր լինելուն: Նա պատրաստ էր զոհել մեկին, բայց ստացավ բազմաթիվը: Եթե ուզում ես ստանալ շատը, պետք է պատրաստ լինել զոհել ունեցածդ քիչը:
Ապացուցի՛ր հավատդ գործերով՝ Ավետարանը քարոզիր, այցելիր հիվանդին, կերակրիր քաղցածին… Դարձի՛ր Աստծո բարեկամ:
Տ. Թադևոսյանի 25.02.2017թ. կիրակնօրյա պատգամից: