Աստծո զորությունը

Աստծո զորությունը

Աշխարհում ամեն բան կատարվում է Աստծո զորությամբ: Աստծո զորությունն է մարդուն կյանք տալիս, ուժ տալիս: Աստծո զորությամբ են հաղթում պատերազմներում: Աստծո զորությամբ դու կարող ես անել այն, ինչն անհնար է քո սեփական ուժերով: Աստծո զորությունը փոխում է մարդուն, նրա միտքը, նրա կյանքը:

Աստծո զորությունը գալիս է Ավետարանի միջոցով.

«Ես Քրիստոսի Ավետարանն ամոթ չեմ համարում, քանի որ այն Աստծո զորությունն է՝ ամեն հավատացողի փրկության համար»: Հռոմ.1:16:

Հիշի՛ր, թե ինչպես է փոխվել քո կյանքը, երբ լսել ես Աստծո Խոսքը: Որովհետև այն զորություն ունի:

Բժշկությունը նույնպես գալիս է Աստծո զորությունից: Աշխարհի բոլոր բժիշկների զորությունը միասին վերցրած չի կարող համեմատվել Աստծո զորության հետ: Միայն Աստծո զորությունը կարող է քեզ ազատել հին մարդուց և քո մեջ ստեղծել նոր մարդ:

Աստծո զորությունը նաև ազատում է վախից: Հիսուսի աշակերտները հավաքվել էին Վերնատանը, փակել էին դռները և աղոթում էին: Նրանք թաքնվել էին մարդկանցից: Բայց երբ եկավ Սուրբ Հոգին, երբ Աստծո զորությունը լցրեց այդ վայրը, նրանք ձեռք բերեցին գերբնական համարձակություն և սկսեցին քարոզել Ավետարանը:

Մինչ այդ Հիսուսը աշակերտներին պատմել էր Սուրբ Հոգու մասին.

«Եվ երբ Նա գա, Նա աշխարհին պիտի հանդիմանի մեղքի համար, և արդարության համար, և դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում։ Արդարության համար, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում, և Ինձ այլևս դուք չեք տեսնի։ Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է»: Հովհ.7:8-11:

Սուրբ Հոգին դատապարտելու է մեղքը, որովհետև երբ մենք լցվենք Սուրբ Հոգով, Աստծո զորությունը մեր միջոցով կհանդիմանի մեղքի համար: Սա հասկանալի է: Ավելի դժվար է ընկալել, թե ինչու պետք է Սուրբ Հոգին հանդիմանի արդարության և դատաստանի համար:

Արդարության համար, որովհետև երբ գա Սուրբ Հոգին, երբ մենք լցվենք Աստծո զորությամբ և խոսենք մարդկանց հետ, նրանք կհասկանան, որ իրենց արդարությունը ոչինչ է, որ աշխարհի արդարությունը չի փրկում մարդուն: Սուրբ Հոգին գերի կվերցնի մարդկային հոգին և մարդը կհասկանա, որ իր արդարությունն ունայն է:

Դատաստանի համար, որովհետև Սուրբ Հոգին մարդուն ցույց կտա, որ այն ամենը, ինչին ինքն ապավինում էր՝ հարստությունն ու իշխանությունը, դատապարտված են: Մարդը իրեն մենակ, լքված ու խաբված կզգա: Դրանից հետո միայն կհասկանա, որ միայն Հիսուսն է իր Տերը, իր Աստվածը, իր ապավենը: Նա երբեք չի լքի մարդուն: Նա մարդուն կտա Աստծո զորությունը:

Այնուհետև Հիսուսը մի ցնցող բացահայտում է անում:

«Սակայն երբ Նա՝ ճշմարտության Հոգին գա, Նա ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի, որովհետև Նա Ինքն իրենից չի խոսելու, այլ ինչ որ լսի, այն պիտի խոսի և ձեզ պիտի ցույց տա գալիք բաները։ Նա պիտի փառավորի Ինձ, որովհետև իմից պիտի վերցնի և ձեզ պիտի հաղորդի»: Հովհ.16:13-14: Փաստորեն Ինքը՝ Ճշմարտության Հոգին, ճշմարտության մեջ առաջնորդելու համար պիտի ճշմարտությունը վերցնի Հիսուսից: Իսկ եթե նույնիսկ Ճշմարտության Հոգին իրենից չի խոսում, ապա մենք ինչպե՞ս կարող ենք Ավետարանը քարոզել առանց Աստծո զորության:

Մի՛ ակնկալեք, թե առանց Աստծո զորության կարող է որևէ բան փոխվել: Իսկ Աստծո զորությամբ ընդհակառակը՝

«Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»: Փլպ.4:13:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ