Աստծուց կախվածություն ունեցողները

Աստծուց կախվածություն ունեցողները

Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ մարդը կախվածություն ունենա Աստծուց:

Աստված մարդուն ստեղծել է, որ նա ուրախ և երջանիկ լինի: Այդ երջանկությունը պայմանավորված է Աստծո հետ հաղորդակցությամբ: Առանց Աստծո չկա ուրախություն, խաղաղություն, արդարություն: Առանց Աստծո չկա կյանք:

Մինչև մեղանչելը Ադամը կախված էր Աստծուց: Ադամի և Աստծո հարաբերությունները կատարյալ էին: Բայց մի օր սատանան խոսեց Եվայի հետ, համոզեց, որ պետք է ազատվել Աստծուց ունեցած կախվա­ծությունից: Համոզեց, որ ազատությունը հենց այն է, երբ կախված չես Աստծուց: Եվան և Ադամը հավատացին սատանային, հրաժարվեցին Աստծուց ունեցած կախվածությունից ու զրկվեցին իրական ազատությունից:

Ոչ ոք անկախ չի: Մարդը կախված է կամ Աստծուց, կամ սատանայից: Իրական անկախությունը Աստծո մեջ է: Իրական անկախությունը մեղքից ազատ լինելու մեջ է:

Երբ Աստված հարցրեց՝ Ո՞ւր ես, Ադամը պատասխանեց՝ «Քո ձայնը լսեցի պարտեզում և վախեցա»: (Ծն.3:9-10):  Ազատության մեջ վախ չկա: Ադամն այլևս կախված չէր Աստծուց: Ադամն արդեն կախված էր սատանայից, այդ պատճառով վախեցավ: Ադամն այլևս ազատ չէր:

Աստծուց կախվածություն ունեցող մարդը հարբում է Աստծո սիրով, Աստծուն երկրպագելով: Երբ մարդը կախված չէ Աստծուց, նա ձգտում է այդ պակասը լրացնել այլ ձևերով՝ գինով, թմրադեղերով, այլ կախվածություններով: Բայց Աստծո Խոսքը սովորեցնում է.

«Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով»: Եփ.5:18:

Քրիստոնյաների մեծագույն խնդիրը Սուրբ Հոգով չլցվելն է: Եթե մարդը կախվածություն ունենա Աստծուց, նա կլցվի Սուրբ Հոգով և հաղթություններն իրենք-իրենց կգան:

Սուրբ Հոգին գալիս է, որպեսզի վերականգնի մարդու կախվածությունն Աստծուց: Առանց Սուրբ Հոգու մենք կարող ենք ջանք անել, բայց չհասնել հաջողության: Բայց երբ մարդը լցվում է Հոգով, Հոգին մարդու փոխարեն անում է ամեն բան: Սուրբ Հոգու դեմ անզոր են հիվանդությունները, ձախորդությունները, անհաջողությունները:

Շատերը հարցնում են՝ իսկ ինչպե՞ս լցվել Սուրբ Հոգով: Պատասխանը հետևյալն է՝ երկրպագելով և լեզուներով աղոթելով: Երբ 1900 թվականին մի խումբ նախանձախնդիր անձինք ուսումնասիրելով Աստծո Խոսքը կարողացան լցվել Սուրբ Հոգով, խոսեցին լեզուներով, դրանից հետո աշխարհը սկսեց փոխվել: Լցվելով Սուրբ Հոգով, դու Աստծո հետ դառնում ես մեկ, և ինչ ունի Աստված, դառնում է քոնը:

Արուսյակը կախված էր Աստծուց, երկրպագում էր Նրան, գեղեցիկ էր և օրհնված: Բայց երբ հրաժարվեց կախվածությունից, զրկվեց ամեն բանից, կորցրեց գեղեցկությունն ու օրհնությունը և վտարվեց երկնքից: Երբ դու լցված ես Սուրբ Հոգով, երբ կախված ես Աստծուց, երբ երկրպագում ես Նրան, դու գեղեցիկ ես, օրհնված, և ինչ էլ անես՝ հաջողվելու է:

Սուրբ Հոգով լցվելու համար հաճախ մեզ խանգարում է մեր միտքը, կաշկանդում է մեր հասկացողությունը: Բայց եթե կարողանանք ազատվել ստանդարտներից և հավատով մտնենք հոգևոր աշխարհ, հաշվի չառնենք, թե այդ պահին ինչ կասեն մեր մասին ուրիշները, Սուրբ Հոգին կայցելի մեզ և կլցնի մեզ: Երբ դու լցվում ես Սուրբ Հոգով, քո դեմ ուղղված ամեն մի խոսք ուղղված է Սուրբ Հոգու դեմ և ի վերջո կշրջվի խոսողի դեմ:

Լցվի՛ր Սուրբ Հոգով և Նա երբեք քեզ չի լքի:

Տիգրան Թադևոսյանի 17.06.2018թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ