Աստված փնտրում է
Հաջողության կարիք ունեն բոլորը՝ թե՛ հավատացյալները, թե՛ անհավատները: Եվ հաջողության հասնում են նրանք, ովքեր փնտրում են:
Այս խոսքերով «Նոր սերունդ» եկեղեցում իր կիրակնօրյա պատգամը սկսեց Երևանի «Լոգոս» եկեղեցու հովիվ Պարույր Աթանեսյանը:
Քարոզչի խոսքն աչքի էր ընկնում խորը տրամաբանությամբ և աստվածաշնչյան անհերքելի հիմնավորումներով:
Մարդիկ փնտրում են Աստծուն: Սակայն Աստված նույնպես փնտրում է, Նա փնտրում է մարդկանց: Մարդկանց մեջ Աստված փնտրում է տարբեր հատկանիշներ, որոնց վրա եկեղեցու ուշադրությունը հրավիրեց պատգամախոսը:
Ինչպես նկարագրված է Ղուկաս 13:6-ում՝ թզենու առակում, Աստված մարդկանց մեջ նախ փնտրում է պտուղներ: Եվ եթե չկան պտուղները, ապա պատճառը պետք է փնտրել արմատներում: Փխրացրու սիրտդ, պարարտացրու Աստծո Խոսքով, և պտուղները կհայտնվեն:
Աստված եկեղեցում փնտրում է բարեխոսներ (Եզ. 22:30): Փնտրում է մարդիկ, ովքեր աղոթում են միմյանց համար: Եթե դու իշախանություն ունես աղոթքի միջոցով մարդկանց փրկելու, ապա ի՞նչ իրավունք ունես չգործադրել այդ իշխանությունը:
Աստված փնտրում է նաև տնտեսներ (1 Կոր. 4:1-2): Երբ դու Հիսուսին որպես Տեր ես ընդունում, դու Նրան ես հանձնում ամեն բան նյութական և հոգևոր ոլորտում: Ուրեմն այլևս ոչինչ քեզ չի պատկանում, դու դառնում ես Աստծո տնտեսը: Եղի՛ր հավատարիմ, վստահելի տնտես:
Եվ ամենակարևորը՝ Աստված Իր սրտի համեմատ մի մարդ է փնտրում (1 Թագ. 13:14): Իսկ Իր սրտի համեմատ են առաջին հերթին Իր խոսքին հնազանդները:
Պատգամը խորը տպավորություն թողեց «Նոր սերունդ» եկեղեցու հավատացյալների սրտերում, որոնք քարոզի ավարտին մոտենում էին հովվին, օրհնում ու հայտնում իրենց երախտագիտությունը:
Սեփ. լր.
Տեսանյութը՝ շուտով: