Իմաստունն ու աթեիստը
Հանդիպում են աթեիստն ու իմաստունը։
Աթեիստն իմաստունին փորձում է համոզել, թե Աստված չկա և անհեթեթություն է հավատալ, որ ինչ-որ մեկն է ստեղծել մեզ շրջապատող աշխարհը։ Իմաստունը չի փորձում առարկել, միայն ասում է, որ կայցելի մի քանի օր անց։
Օրեր հետո իմաստունն այցելում է աթեիստին ու նրան մի գեղեցիկ նկար նվիրում։ Վերջինս հիացած բացականչում է.
-Հրա՜շք է, իսկ ո՞ւմ կախարդական վրձնին է պատկանում այս գլուխգործոցը։
-Ոչ մեկի,- պատասխանում է իմաստունը, – տանս նկուղում մի արկղ ներկեր էին դրված, կողքին էլ՝ մաքուր կտավ։ Մի օր, երբ պատահաբար դիպա ներկերին, դրանք թափվեցին կտավի վրա և, պատկերացրու, այնքա՜ն գեղեցիկ ձևով թափվեցին, որ այս հրաշալի նկարը ստացվեց։
-Դուք, ի՞նչ է, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, – զարմանում է անհավատը, – ինչպե՞ս թե պատահաբար թափվեցին։ Չի կարող պատահել։ Հապա նայեք այս կտավին՝ ինչպիսի՜ կոմպոզիցիա, մտքերի ինչպիսի՜ խորություն, որքա՜ն ցայտուն են արտահայտված մանրուքները։ Ես ոչ մի դեպքում չեմ հավատա, որ այս կտավը չունի որևէ տաղանդավոր հեղինակ։
-Ահա տեսնո՞ւմ եք, – պատասխանում է իմաստունը, – դուք անգամ ձեզ թույլ չեք տա մտածել, որ այս նկարը ինքն իրեն է առաջացել՝ պատահաբար, առանց որևէ հեղինակի մտահղացման։ Ինչպե՞ս այդ դեպքում ես հավատամ, որ երկիրն ու տիեզերքը, դաշտերն ու մարգագետինները, լեռներն ու բլուրները, գետերն ու լճակներն առաջացել են պատահաբար՝ առանց մեծագույն Արարչի կամքի և մտահղացման:
Աղբյուր՝ Ես հավատում եմ Հիսուսին