Ազատության տոնը
Մեր Աստվածը կենդանի Աստված է: Նա կուռք չի, փայտ կամ քար չի, մոմ կամ հավկիթ չի: Նա կենդանի է, Նա հարություն է առել:
«Դէն գցեք հին խմորը, որ նոր զանգուած լինէք, ինչպէս որ անխմոր էք. որովհետեւ մեր զատիկը մորթուեց մեզ համար՝ Քրիստոսը։ Ուստի տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորով, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածով»։ 1Կոր.5:7-8:
Աստված պատվիրել է Զատկի տոնին սեղանին դնել առանց թթխմորի հաց: Աստված հենց այնպես ոչինչ չի ասում: Նրա յուրաքանչյուր խոսքն ունի իր խորը իմաստը:
Թթխմորը մեղքի խորհուրդն է: Ինչպես մի փոքր թթխմորը խմորում է ամբողջ զանգվածը (1Կոր5:6), այնպես էլ նույնիսկ փոքր մեղքն ապականում է մարդու ամբողջ էությունը: Պատվիրելով սեղանին դնել միայն անխմոր հաց, Աստված ցույց է տվել, որ կգա ժամանակ, երբ մեր էությունը կզատվի, կառանձնանա թթխմորից՝ մեղքից:
Առաքյալն ասում է՝ «… ինչպէս որ անխմոր էք», ասում է ներկա ժամանակով, հիմա անխմոր եք: Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր մեջ մեղք չկա: Մի՞թե դա հնարավոր է, չէ՞ որ բոլոր մարդիկ ունեն ադամական մեղավոր բնույթ:
Սակայն պարզվում է, որ հնարավոր է, որ մարդ ազատ լինի մեղքից: Դա հնարավոր եղավ Հիսուսի արյան շնորհիվ՝ «…որովհետեւ մեր զատիկը մորթուեց մեզ համար՝ Քիստոսը»:
Քրիստոսի մահով և հարությունով մենք դարձանք նոր զանգված: Նա իր արյամբ վճարեց մեր մեղքերի գինը, որը մահն էր, և մենք ազատվեցինք մեղքից: Հիսուսը հնարավոր դարձրեց անհնարինը: Ֆիզիկական աշխարհում անհնար է անխմոր հացը առանձնացնել թթխմորով հացից, բայց Հիսուսը մեր էությունն առանձնացրեց, ազատեց մեղքից: Մեղքն այլևս զորություն և իշխանություն չունի մեզ վրա մինչև այն ժամանակ, քանի դեռ ինքներս չենք կամենում մեղք գործել:
Մի՛ թույլ տվեք, որ հին խմորը՝ մեղքը, լցվի ձեր էության մեջ: Հարությունը ազատության տոնն է: Ազատ եղեք մեղքից և «տօն կատարենք ոչ թէ հին խմորով, եւ ոչ էլ չարութեան եւ անզգամութեան խմորով, այլ մաքրութեան եւ ճշմարտութեան չ’խմորուածով»։
Սեփական լրատվություն