Բարություն

Բարություն
- Գրիչնե՛ր` երեք հատը 200 դրամ. գնե՛ք, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ…: - Ծերունու ձայնը համարյա չէր լսվում մետրոյի գնացքի աղմուկի մեջ: 
Երիտասարդը գնեց երեք գրիչ, ապա դրեց կողքին, հենց այնպես: Իսկ մյուս կանգառում նա իջավ` այդպես էլ չվերցնելով գրիչները: Հետո մի քանի դպրոցականներ ամենայն լրջությամբ վերցրին դրանք` համարելով այն երկնային պարգև: Հասկանալի է, որ երիտասարդին գրիչ պետք չէր, իսկ ահա ծերունուն այդ 200 դրամը իսկապես անհրաժեշտ էր: Դա բարության պարզ, հասարակ դրսևորում էր, որ այնքան հազվադեպ է հանդիպում մեր օրերում: 
Բարություն. մարդն ինչքան շատ ունի դրա կարիքը և ինչքան քիչ է հանդիպում այն կյանքում: Բարության անկեղծ, անշահախնդիր դրսևորումները հարստացնում և գեղեցկացնում են կյանքը, օգնում, որ հասարակությունը լճացում չապրի, ինքնամաքրվի: 
Առաջին և ամենամեծ բարին Աստված է: Նա բարի էր, երբ արարում էր այս աշխարհը, Նա բարի էր, երբ մահանում էր խաչի վրա, Նա բարի է, որովհետև Իր սիրով և զորությամբ այսօր էլ պահպանում է աշխարհը, առատ օրհնություններ և շնորհներ է հեղում մարդկության վրա: Աստված բարի է և նույնն էլ սպասում է Իր զավակներից: 
Բարությունը կարող է փրկել աշխարհը կամ նվազագույնը` գեղեցկացնել կյանքը, վերափոխել այս աշխարհն ու մարդկային սրտերը: Եվ Աստված մի օր իսկապես կվերափոխի աշխարհը: Նրա բարության վերջնական դրսևորումը կլինի Իր վերադարձը: Բարությունը վերադառնալու է… փրկելու աշխարհը: Իսկ ականջներումս դեռ երկար երկար հնչում է ծերունու աղեխարշ ձայնը. 
- Գրիչնե՜ր` երեք հատը 200 դրամ. գնեք ԽՆԴՐՈՒՄ ԵՄ: - Նրա ձայնը համարյա չէր լսվում գնացքի աղմուկի և մարդկային սրտերի քարացածության պատճառով:
Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/EsKristonyaEm?ref=stream&hc_location=stream

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ