Բիլլի Գրեհեմ՝ «Դարի ավետարանիչ»

Բիլլի Գրեհեմ՝ «Դարի ավետարանիչ»
Իր ծառայության ողջ ընթացքում Վերապատվելի Բիլլի Գրեհեմն արժանացել է բազմաթիվ տիտղոսների և կոչումների՝ ավետարանիչ, հեղինակ, Աստծո ծառա, նաև ԱՄՆ-ի նախագահների հոգևոր խորհրդատու: Քարսոն Նյումենի անվան համալսարանը գտնում է, որ մեկ տիտղոս, այնուամենայնիվ, բացակայում է: Թենեսի նահանգի Ջեֆերսոն քաղաքում գործող կրթօջախը Գրեհեմին անվանել է «20-րդ դարի ավետարանիչ». հայտնում է Charisma News-ը: Անվանակոչման արարողությունը տեղի է ունեցել Գրեհեմի տանը՝ Մոնթրիթում, այն իրականացրել է համալսարանի ռեկտորը՝ Ջ. Ռենդելլ Օբրայանը:

«Ես շնորհակալ եմ դոկտոր Օբրայանին և համալսարանին այս մեծ պատվի համար, – նշել է Գրեհեմը: – Հատկապես հաճելի է նման տիտղոս ստանալ այն համալսարանի կողմից, որ առավել հայտնի է՝ որպես սերունդներ դաստիարակող և Հիսուս Քրիստոսի համար սրտեր ու մտքեր պատրաստող: Ես գտնում եմ, որ արժանի չեմ այս մրցանակին, բայց ընդունում եմ այն հանուն Նրա, Ում ծառայում եմ իմ ողջ կյանքում»:

Օբրայանի խոսքով՝ Բիլլի Գրեհեմի ունեցած ազդեցությունը դժվար է գնահատել: Նրա գործերն ու հեղինակությունը լեգենդար են: Նրան հաճախ կոչում են «Ամերիկայի հովիվ», բացի այդ նա 1948թ-ից ի վեր 56 անգամ ճանաչվել է «աշխարհում 10 ամենահարգված մարդկանցից մեկը»՝ ըստ Gallup-ի:

«Դարի ավետարանիչ» կոչումն իր տեսակի մեջ առաջինն է: «Հաջորդ տարիներին մենք կխրախուսենք նաև այլ մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեն Քրիստոսի Ավետարանը ողջ աշխարհում տարածելու գործում». հայտնել է դոկտոր Օբրայանը:

Հավելենք միայն, որ Քարսոն Նյումենի համալսարանը մասնավոր քրիստոնեական կրթօջախ է, որտեղ դասավանդվում են գլխավորապես հումանիտար առարկաներ: Հիմնվել է 1851թ-ին, այժմ այնտեղ սովորում է շուրջ 2000 ուսանող:

Աղբյուր՝crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ