Չորրորդ մոգի պատմությունը
Պատմում են չորրորդ մոգի մասին, ով ևս տեսել էր Բեթղեհեմի վրա շողացող աստղը և իր ընծաներով շտապում էր երկրպագել փոքրիկ Հիսուսին:
Սակայն նա միշտ ուշացումով էր հայտնվում այնտեղ, որտեղ կարող էր գտնել Փրկչին, որովհետև ճանապարհին օգնության խնդրանքներով նրան մշտապես կանգնեցնում էին խեղճերը և կարիքավորները:
Եվ երեսուն տարի Հիսուսին հետևելուց հետո, Եգիպտոսից անցնելով Գալիլեա ու Բեթղեհեմ, մոգը հայտնվեց Երուսաղեմում, սակայն, ավաղ, դարձյալ ուշացած` Տիրոջ խաչելության օրը:
Իմաստունը Հիսուսի համար նախատեսած նվերը` մարգարիտներն անգամ վաճառել էր իր ճանապարհին հայտնված կարիքավորներին օգնելու համար՝ որպես ընծա պահելով ընդամենը մի մարգարտահատիկ:
Սակայն, Փրկիչն ավաղ, խաչին էր գամված: «Ես տապալեցի ողջ կյանքիս գործը»,- մտածեց իմաստունը: Լսվեց պատասխան Ձայնը. «Հակառակ քո մտածածի, դու ինձ հետ ես եղել ողջ քո կյանքում: Ես մերկ էի, և դու հագցրիր ինձ: Ես քաղցած էի, և դու կերակրեցիր ինձ: Ես բանտարկված էի և դու այցելեցիր ինձ: Ես քո ճանապարհին հայտնված յուրաքանչյուր կարիքավորներից մեկն եմ եղել:
Շնորհակալ եմ, որ Սերն է եղել քո կյանքի մշտական ուղեկիցը»:
Աղբյուր՝ Ես հավատում եմ Հիսուսին