Դու ընտրված ես
Մարդիկ հաճախ իրենց կյանքում բավարարություն չեն ստանում, քանի որ չեն կարողանում մտնել իրենց նախասահմանության մեջ: Եթե մարդն ընկալի, թե որն է իր նախասահմանությունը, կփոխվի նրա մտածելակերպը, ապրելակերպը, ամբողջ կյանքը:
Բոլոր մեծ մարդկանց հաջողության գաղտնիքը խոշոր հաշվով այն է, որ հավատացել են, որ իրենք յուրահատուկ են և ընտրյալ: Իսկ քրիստոնյաներից շատերը, ցավոք, չեն ընկալում, որ իրենք ընտրված են: Բայց Աստծո Խոսքն է ասում, որ դու ընտրված ես:
Երբ Եղիա մարգարեն տրտնջում էր, որ Տիրոջ ծառաներից միայն ինքն է մնացել, Տերը նրան ասաց.
«Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին»: Հռոմ 11:5:
Մարգարեն տեղյակ չէր անգամ, որ իրենց բացի յոթ հազար մարդ կա ընտրված:
«Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ: Բայց եթէ շնորհքով է՝ էլ գործերից չէ. Ապա թէ ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինիլ. Բայց եթէ գործերից է, էլ շնորհք չէ. Ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ։ Ուրեմն ի՞նչ. այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան»: Հռոմ.11:6-7:
Շնորհքի ընտրություն՝ նշանակում է, որ քեզնից կախված չէ, որ դու ընտրվել ես: Տերը չի հարցրել քո կարծիքը, հաշվի չի առել քո բարի և չար գործերը: Նա ընտրությունը կատարել է միանձնյա: Լինել ընտրված՝ չի նշանակում, որ դու ավելի լավն ես: Մարդուն անհասկանալի են Աստծո չափանիշները, որոնց հիման վրա Նա ընտրություն է կատարել: Աստված ընտրել է Իր կամքով և Իր շնորհով:
Հովհաննես Մկրտիչը մկրտում էր հազարավոր մարդկանց, բայց երբ տեսավ Հիսուսին, անմիջապես հասկացավ, որ Նա ընտրված է, քանի որ Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա: Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա, ովքեր Աստծո զավակ են: Աստված ոչ թե քեզ տվել է Սուրբ Հոգի, հետո է ընտրել, այլ հակառակը՝ մինչ այդ ընտրել է քեզ, դրա համար է քեզ Սուրբ Հոգի տվել:
Իսկ քանի որ Աստված ընտրել է քեզ, դա նշանակում է, որ քո հետագա ամբողջ կյանքը Նրան է պատկանում: Աստված Դավթին ասում է.
«…Իմ ողորմութիւնը չեմ կտրի նորանից»: Սաղմ. 89.33:
Աստված քեզ նույնպես ընտրել է և երբեք չի լքի: Սա չի նշանակում, որ կարող ես հանգստանալ և հեռանալ Աստծուց: Ո՛չ, ընդհակառակը՝ գիտակցելով, որ ընտրված ես, պիտի մնաս քո նախասահամնության մեջ:
Կոռնելիոսը հեթանոս էր, Ծառայում էր հռոմեական բանակում և կայսրին երկրպագում էր որպես աստված: Բայց Աստված նրան էլ ընտրեց: Ու դրա հետևանքով նա սկսեց խոսել լեզուներով: Եթե դու խոսում ես լեզուներով, ուրեմն ընտրված ես: Այլևս մեղք մի գործիր: Բայց եթե անգամ սայթաքես ու մեղք գործես, միևնույնն է՝ Աստված չի լքի քեզ, ինչպես չլքեց Դավթին նույնիսկ ահավոր մեղքից հետո: Սա չի նշանակում, որ կարող ես մեղք գործել, այլ ընդհակառակը՝
«…Ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք»: 2Պետ.1:10:
Ընտրված լինելով դու տարբերվում ես մյուս մարդկանցից և պիտի ջանք անես, որ աճես Քրիստոսի ճանաչողության մեջ: Աստված քեզ չի կանչել խաղաղ ու հանգիստ ապրելու, Աստված քեզ ընտրել է Իր գործն անելու՝ Ավետարանը քարոզելու համար:
Եթե ուզում ես ճաշակել ընտրված լինելու քաղցրությունը, ապա մարդկանց ցույց տուր իրենց փրկությունը, ցույց տուր նրանց Քրիստոսին:
Սեփական լրատվություն