Ձեզ եմ տալիս իշխանությունը

Ձեզ եմ տալիս իշխանությունը

Քրիստոնյաները հնազանդ են Հորը: Հնազանդության մեջ քաղցրություն կա:

Հնազանդության հականիշը ապստամբությունն է: Բոլորիս մեջ կա ապստամբություն, որը գալիս է մարդու ադամական բնույթից: Մենք պետք է քանդենք մեր միջի ապստամբությունը: Միայն այդ դեպքում կարող ենք զգալ, թե ինչ է իրական ազատությունը:

Իրական ազատությունը գալիս է այն ժամանակ, երբ դու խոնարհ ես և հնազանդ: Հիսուսը հրաշքներ էր անում, բայց երբեք չէր պարծենում, այլ մնում էր խոնարհ ու միշտ ասում էր, որ Ինքը իրենից չի հրաշքներ անում, այլ  ինչ տեսնում է  Հորը  անելիս, այնպես էլ Ինքն է անում:

Խոնարհությունը սկսվում է եկեղեցում: Եկեղեցին հիմնել է Հիսուսը և նրան տվել է սատանայի գործերը քանդելու իշխանություն: Իրական ազատությունը գալիս է այն ժամանակ, երբ քանդում ես սատանայի գործերը և վերացնում սատանայի ազդեցությունը քո կյանքում:

Եթե կյանքիդ որևէ ոլորտում կզգաս սատանայի ազդեցությունը, անհապաղ վանի՛ր նրան քեզանից: Սատանան ջանում է քեզ դարձնել Աստծո ընդդիմություն: Մի՛ տրվիր սատանայի ազդեցությանը: Պատերազմի՛ր սատանայի դեմ:

Միքայելը երկնքում պատերազմեց սատանայի դեմ և նա վայր գցվեց երկրի վրա: (Հայտ.12:7-12): Սատանան ուզում էր երկնքում ստեղծել դեմոկրատական կառավարություն: Բայց Աստված չհանդուրժեց դա: Ինչ կատարվում է երկնքում, նույնն էլ կատարվում է եկեղեցում: Եկեղեցում նույնպես դեմոկրատիա չկա, այլ կա հստակ ենթակայություն, հիերարխիա և սուբորդինացիա:

Սատանան, որ մինչև ապստամբելը Աստծո երեք հրեշտակապետերից մեկն էր, հիմար չէր: Նա լավ գիտեր, որ ինքը չի կարող կառավարել տիեզերքը: Սատանան փորձում էր Աստծուն դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ Նա շարունակի կառավարել, բայց փառքն ու իշխանությունը իրենը լինեն: Հանդգնությունն անսահման էր: Սատանան փորձում էր խաբեությամբ հրեշտակներին լարել Աստծո դեմ: Սատանան ճիշտ չէր գնահատել Աստծո սերն ու համեստությունը:

Բայց Աստված կոմպրոմիսի չգնաց: Հոգևոր սկզբունքներում կոմպրոմիս չի կարող լինել: Աստված արդարության միապետն է: Երբ իշխում է արդարությունը, դեմոկրատիա լինել չի կարող:

Հիսուսը մեզ իշխանություն է տվել քանդելու սատանայի գործերը.

«Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեանը վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասիլ»: Ղուկ.10:19:

Օգտվի՛ր այդ իշխանությունից: Մի՛ գնա կոմպրոմիսի, պատերազմի՛ր սատանայի դեմ, հեռացրու նրան քեզանից և նա կենթարկվի քեզ: Դու ունես այդ իշխանությունը:

Սատանան մարդուն մեղքի մեջ գցելու համար դիմում է խորամանկ քայլերի: Ահա նրա հինգ հնարանքները, որոնք նա կիրառեց Ադամին ու Եվային խաբելու համար և որոնց օգնությամբ  նա այժմ էլ փորձում է մոլորեցնել մարդկանց.

1. Սատանան նախ ներխուժում է քո տարածքը:  Աստված պատվիրել էր Ադամին պահպանել եդեմական պարտեզը, բայց Ադամը չկատարեց այդ պատվերը և օձը ներխուժեց այնտեղ: Միշտ աչալուրջ կերպով հսկիր քո տարածքը:

2. Սատանան ձգտում է մտնել երկխոսության մեջ: Նա խորամանկ ձևով երկխոսության բռնվեց Եվայի հետ: Մի՛ լսիր սատանային, մի՛ հարաբերվիր նրա հետ, վանի՛ր նրան քեզանից անմիջապես:

3. Սատանան կասկած է սերմանում քո սրտում:  Սատանան Եվային ասաց, որ Աստված սուտ է խոսել: Սատանանա սկսում է քեզ համոզել, որ ինքը ավելի լավ է ճանաչում Աստծուն, քո ղեկավարին, քո հովվին, քան դու: Եվ ձգտում է համոզել, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին ներկայանում են: Մի՛ լսիր կասկած հարուցող մարդկանց:

4. Սատանան ձգտում է խախտել ենթակայությունը, վերացնել սուբորդինացիան: Նա հորը լարում է որդու դեմ, որդուն՝ հոր դեմ, եղբորը՝ եղբոր դեմ: Մի՛ ենթարկվիր նրան, միշտ պահպանիր սուբորդինացիան:

5. Սատանան սուտ տեսիլք է տալիս: Նա Ադամին ու Եվային համոզեց, որ եթե ուտեն պտուղը, կդառնան Աստծո նման: Մի՛ հավատա սատանայի հնարանքներին:

Եկեղեցին այն վայրն է, որտեղ եդեմական գետեր են հոսում: Մի՛ թույլ տուր, որ մարդիկ իրենց կեղտոտ ոտքերով մտնեն այդ գետերը և պղծեն դրանք:

Հովիվ Տիգրան Թադևոսյանի 26.08.2018թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ