Եվ Ես թշնամություն եմ դնում
Եվային ստեղծեց Աստված: Ադամին ստեղծելուց հետո Աստված ասաց.
«Լավ չէ, որ մարդը մենակ լինի, մի օգնական շինեմ իրեն հարմար»: Ծն.2:18:
Օգնական՝ չի նշանակում, որ ամեն բան պիտի աներ Ադամը, իսկ Եվան միայն օգներ նրան: Օգնական՝ նշանակում է ուղղություն ցույց տվող, խորհրդական: Նշանակում է, որ կարող են լինել հարցեր, որոնք Ադամը չի կարող լուծել առանց Եվայի: Տղամարդը և կինը թերի չեն, կատարյալ են: Բայց տղամարդը կնոջ կարիքն ունի, կինն էլ՝ տղամարդու:
Եվան կարևոր անձ էր: Եթե նա կարևոր չլիներ, սատանան նրան չէր մոտենա: Սատանան լավ գիտեր, որ Եվայի խոսքը հեղինակություն ունի Ադամի մոտ: Մինչև մեղք գործելը Ադամը չէր իշխում Եվայի վրա: Միայն մեղք գործելուց հետո Աստված ասաց, որ Ադամը պետք է իշխի Եվայի վրա (Ծն.3:16): Մինչև մեղք գործելը նրանք հավասար էին:
Իսկ օձին Աստված ասաց.
«Եվ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև և քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխն է ջախջախելու, իսկ դու նրա գարշապարն ես խայթելու»: (Ծն.3:15):
Թշնամությունը կնոջ և սատանայի միջև դրված է: Կինը հաղթող է լինելու, քանի որ ջախջախելու է օձի գլուխը: Սակայն կինը պիտի ընդունի այդ թշնամությունը: Կինը պիտի թշնամի լինի սատանային, մեղքին, աշխարհասիրությանը:
Եթե կինը չի ընդունում այդ թշնամությունը, սատանան միևնույնն է՝ ընդունել է: Ուրեմն չպետք է զիջել, չպետք է կոմպրոմիսի գնալ սատանայի հետ: Այդ և միայն այդ դեպքում կնոջ հաղթությունը ապահովված կլինի:
Աստված թշնամություն դրեց նաև սատանայի ու կնոջ սերունդների միջև: Կնոջ սերունդը Հիսուսն է: Եվ Հիսուսը հաղթել է սատանային:
Եբրայեցիների թղթում Պողոս առաքյալը ի թիվս այլ հերոսների հիշատակում է Բարակին (Եբ.11:32): Բարակը հաղթել է քանանացիների թագավորությանը, բայց նրա հաղթությունը եղել է երկու կանանց՝ Դեբորայի և Հայելի միջոցով (Դատ.4:1-24): Դեբորան Բարակին ոգեշնչեց, որ դուրս գա պատերազմի: Երբ Բարակը հավատով ելավ քանանացիների դեմ և Տերը խորտակեց նրանց զորքը, նրանց առաջնորդ Սիսարան փախավ և մտավ Հայելի վրանը, կարծելով, թե քանի որ իրենց ցեղերի մեջ խաղաղություն կա, ապա Հայելը պիտի իրեն պաշտպանի: Եթե դու խաղաղություն կնքես սատանայի հետ, ապա մի օր նա կհայտնվի քո վրանում: Բայց ինչպես Եդեմում սատանան էր խաբել կնոջը, այնպես էլ այստեղ կինը՝ Հայելը խաբեց սատանային և վրանի «ցիցը մխեց նրա ծամելիքին և գետնին բևեռեց» (Դատ.1:21)
Մեղքի նկատմամբ հանդուրժողականությունն անընդունելի է: Աստված Ինքն է թշնամություն դրել կնոջ և օձի միջև ու չի կարելի այդ թշնամությունը փոխարինել հանդուրժողականությամբ: Մեղքին դիմակայել հնարավոր է միայն այն ատելով:
Մեխիր քո ցիցը սատանայի գլխի մեջ՝ այդպես է պատվիրել Տերը:
Հովիվ Տիգրան Թադևոսյանի 10.03.2019թ. կիրակնօրյա պատգամից: