Հաղթանակին հասնելու հինգ օրենքները

Հաղթանակին հասնելու հինգ օրենքները

Աստծո Խոսքն է, որ կարող է բարեփոխել մարդու կյանքը: Աստծո խոսքն է, որ կարող է մարդուն տանել դեպի հաղթություն:

Հաղթությունը ուրախություն է բերում: Մարդ կարող է ուրախ լինել ամեն ժամանակ, ամեն իրավիճակում  (Փիլ.4:4): Դրա պատճառն այն է, որ Աստծո Հոգին է բնակվում մարդու մեջ:

Հաճախ մարդուն կարող է թվալ, թե ինքը հանգամանքների զոհ է դարձել: Դրանից մարդը կարող է ընկնել հուսահատության գիրկը: Հիսուսն Ինքը հանգամանքների զոհ դարձավ՝ Ադամի մեղքի պատճառով: Արդյունքում Հիսուսը զոհվեց: Բայց դրանով ամեն բան չվերջացավ: Հիսուսը հաղթեց: Նա հաղթեց մեղքին, Նա հաղթեց մահին:

Ու թեև աշխարհը մեզ կարող է պարտված համարել, բայց մենք Հիսուսի նման նույնպես կարող ենք հաղթող դուրս գալ Իր միջոցով և Իր զորությամբ.

«Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։ Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց»: Հռոմ.8:36-37:

Պողոս առաքյալը վստահ էր, որ ամեն իրավիճակից հնարավոր է հաղթող դուրս գալ, քանի որ ինքը ապրել էր դա (2Կոր.11:23-28): Այն ամենը, ինչի միջով անցել էր Պողոսը, հաճախ անհամեմատելի են մեր դժվարությունների հետ: Երբ քրիստոնյայի կյանքում ինչ-որ վատ բան է կատարվում, ասում են՝ «Անեծք է»: Մի՞թե Պողոսն անիծված էր: Նա հաղթող էր դուրս գալիս, որովհետև ուներ հաղթողի հինգ սկզբունքները: Դրանք բխում են Փիլիպեցիների 3-րդ գլխի 13-14 խոսքերից.

«Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը»։

1.      Խոնարհություն: Պողոս առաքյալը, որ ամբողջ աշխարհին Ավետարան էր քարոզել, իր մասին մեծ համարում չուներ: Երբեք մեծամիտ չլինես: Եղի՛ր համեստ: Հիսուսն էլ համեստ էր և սրտով խոնարհ:

2.      Մոռանալ անցյալը: Եթե հասել ես որոշակի մակարդակի, համարիր, որ դեռ ոչնչի չես հասել, մոռացիր դրա մասին ու ձգտիր ավելինին: Հագեցած մարդուն ոչ ոք ջուր չի տա: Ջուր տալիս են ծարավ մարդուն: Հարկավոր է միշտ առաջ գնալ, իսկ դրա գրավականը «ետևի բաները մոռանալն է»:

3.      Գնալ դեպի առաջ: Հաղթելու համար պետք է նպատակ ունենալ: Ընդ որում, եթե քո նպատակը անձնական է, ապա հաղթանակի չես հասնի: Քո նպատակը պետք է համընկնի Աստծո նպատակների հետ: Այդ դեպքում դու կհաղթես:

4.      Ունենալ հավատքի հոգի: Հավատքի հոգին հավատքի կրակն է, և Պողոս առաքյալը բորբոքում էր այդ կրակը. «Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի» (2Կոր.4:13): Հավատքի կրակը բորբոքելու համար պետք է խոսել հավատքի խոսքը՝ Աստծո Խոսքը:

5.      Ձգտել վերին մրցանակին: Հավատա, որ քեզ համար պահված է վերին մրցանակ: Ձգտիր դրան, աշխատիր ստանալ այն: Դեն նետիր քո վրայից պարտվողի պիտակը և հավատա, որ Հիսուսը քեզ հաղթողի մրցանակն է տալու:

Հաղթողին սպասում է իր վարձը:

Տիգրան Թադևոսյան


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ