Համացանցային կախվածությունը հանգեցնում է ընկճախտի
Համաձայն «Pios One» ամսագրում հրատարակված նոր հետազոտությունների՝ համացանցից կախվածությունը կարող է հանգեցնել ընկճախտի զարգացմանը. հաղորդում է Globalscience.ru-ն:
Ուսումնասիրությանը մասնակցել է համացանցից մշտապես օգտվող 60 չափահաս մարդ: Մասնագետները հայտնաբերել են, որ ոմանց մոտ նշանակալի չափով տրամադրության խանգարումներ կան, բացի այդ, այն նման է թմրամոլությամբ տառապողների ախտանիշերին:
Բոլոր կամավորներին առաջարկվել է մի շարք հոգեբանական թեստեր անցնել, որոնց օգնությամբ մասնագետներն առանձնացրել են հետևյալ ցուցանիշները՝ խուճապի մակարդակ, ընկճախտի և մի շարք այլ բնութագրերի առկայություն՝ անմիջականորեն կապված տրամադրության փոփոխությունների հետ: Հատուկ թեստի անցկացումն օգնել է չափորոշել նրանց համացանցային կախվածության մակարդակը: Պարզվել է, որ ակտիվ օգտատերերի մոտ բացասական զգացմունքների մակարդակը նշանակալիորեն բարձրանում է համակարգիչն անջատելուց անիջապես հետո:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ նման բացասական ազդեցությունը տրամադրության վրա պետք է դիտարկել՝ որպես ալկոհոլիզմին ու նարկոմանիային հավասար հիվանդություն: «Վերջին տասնամյակում սույն թեմայով տարբեր հրատարակումներում մասնագետները սկսել են համացանցային կախվածությունը դիտարկել՝ որպես նոր հոգեախտաբանություն, որից ապահովագրված չեն բազմաթիվ մարդիկ», – եզրափակել են մասնագետները: