Հարցազրույց Քոլեթ Բոդուանի հետ
Newgeneration.am կայքի զրուցակիցն է International Restoration Ministries'' ծառայության առաջնորդ Քոլեթ Բոդուանը:
Ինչքա՞ն ժամանակ է, որ այս ծառայության մեջ եք, և ինչպե՞ս եք սկսել այն անել:
Արդեն 25 տարի է այս ծառայության մեջ եմ: Սկսեցի այն, երբ Աստված կանչեց ինձ բժշկության և ազատագրության ծառայության: Հետո Աստծո կամքով սկսեցի ծառայել Բոբ Լարսոնի հետ և դրանից 8 տարի հետո Աստված ասաց, որ ես սկսեմ ինքս ճանապարհորդել և ծառայել: Ես մեկնեցի հարավային Ամերիկա, Ավստրալիա, Անգլիա, Կանադա, Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակում էի փոխանցել այս ուսուցումը:
Կա՞յին դժվարություններ, որոնց բախվել եք՝ ծառայոււթյունը սկսելիս:
Անկեղծ ասած ես երբեք դժվարություն չեմ ունեցել ծառայությունը սկսելիս: Միակ բարդությունը, որ եղել է, այն էր, որ շատ եկեղեցիներ չէին ընդունում կամ չէին կարևորում շնչի ոլորտի բժշկությանն ու ազատագրության ծառայությունը: Իհարկե մենք լսել ենք բազմաթիվ քննադատություններ, քանի որ շատերը կարծում են, թե քրիստոնյաների մեջ չեն կարող չար հոգիներ լինել, այլ նրանք հավատում են, որ եթե դավանեն Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր՝ շնորհքով ազատություն կստանան, և նրանք չեն հասկանում, որ մարդիկ իսկապես բժշկության կարիք ունեն, քանի որ շատ մարդիկ վիրավորանքներ և չներում ունեն, ինչն էլ դուռ է բացում, որ դևն ու անեծքը մուտք գործեն իրենց կյանք:
Ծառայելիս ինչպիսի՞ փոփոխություններ կամ ձեռքբերումներ եք ունեցել ձեզ համար:
Առաջին հերթին ես ինքս ազատագրվեցի, ստացա ազատություն, և ինձ համար իսկապես մեծ օրհնություն է, որ կարող եմ ճանապարհորդել, ծառայել տարբեր մարդկանց, և Աստված, ինձ օգտագործելով, կարող է գործել նրանց կյանքում, փոխել նրանց սրտերն ու տալ ազատություն, բժշկություն ու խաղաղություն:
Որո՞նք են այն կարևորագույն հատկանիշները, որ պետք է ունենա իսկական ծառայողը:
Առաջին հերթին նրանց անհրաժեշտ է հասկանալ, թե որն է իրենց կյանքի իրական նպատակը, հասկանալ, թե ինչ է փրկությունը, և գիտակցել, թե ինչ է Աստված ուզում իրենցից, քանի որ յուրաքանչյուրը կանչված է ինչ-որ բանի համար: Եթե մենք չհասկանանք, թե ով ենք Քրիստոսի մեջ, երբեք չենք կարողանա հասկանալ, թե որն է Նրա կամքը, թե ինչ է Տերն ուզում, որ անենք:
Դուք արդեն հասցրել եք ծառայել շատ հայերի, ի՞նչ համընդհանուր խնդիրներ եք նկատել հայ քրիստոնյաների մոտ:
Հայ ժողովուրդը ժամանակին կոմունիստ է եղել: Կոմունիզմը արմատավորվել էր և փոխանցվում էր սերնդե սերունդ: Այսօր քրիստոնյաները ցանկանում են ազատվել դրա հետևանքներից, նրանք աղոթում են, փորձում են մոտենալ Տեր Հիսուս Քրիստոսին, բայց դա դժվար է նրանց համար, քանի որ բոլոր սերունդները վիրավորանք և հսկողություն են տեսել, մշակույթն ու կրոնը չեն թողնում նրանց ազատ լինել, ազատ մտքով մտածել: Հիսուս Քրիստոսը նույնն է ճապոնացիների համար, նույնն է ամերիկացիների, կանադացիների, աֆրիկացիների համար և հայերի համար նույնպես նույնն է և Նա իսկապես ուզում է, որպեզի հայերը ազատ միտք ունենան, ազատվեն ամեն հսկողությունից ու կրոնից:
Դուք և Ձեր ամուսինը՝ ձեր մեծ սիրով և համերաշխությամբ օրինակ եք բազմաթիվ երիտասարդ զույգերի համար, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց՝ ընտանիքի ամրությունը պահպանելու համար:
Աստծո խոսքն ասում է, որ ամուսինները սիրեն իրենց կանանց, ինչպես Նա սիրեց եկեղեցին: Հաճախ այն վիրավորանքը, հպարտությունը, որ մարդիկ ունեն, թույլ չի տալիս իրենց արտահայտել իրենց սերը, իսկ երբ զույգերը չեն խոսում իրենց զգացմունքների մասին նրանք չեն կարող ազատ լինել միմյանց հետ: Ես կուզենայի քաջալերել ամուսիններին, որպեսզի ազատ խոսեն և արտահայտեն իրենց զգացմունքները, հաճախ ասեն, որ սիրում են: Երկրորդ կարևոր բանը միասին աղոթելն է: Ես և իմ ամուսինը ամեն օր աղոթում ենք միասին և դա օգնում է, որպեսզի մենք իրար հանդեպ հարգանք և հոգատարություն ցուցաբերենք:
Զրուցեց Աննա Բարսեղյանը