Հավատացյալին ուղեկցող նշանները

Հավատացյալին ուղեկցող նշանները

Հավատացյալներն ունեն առավելություն, քանի որ նրանք նոր մարդ են, նոր ստեղծագործություն:

Հավատը մարդուն նորոգում է: Անհավատությունն, ընդհակառակը, հանդիմանվում է Հիսուսի կողմից:

«Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։ Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն. Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան»։ Մարկ.16:14-18:

Աշակերտները չէին հավատում, որ Հիսուսը հարություն է առել: Մարդիկ հաճախ գերադասում են հավատալ միստիկ, անհասկանալի բաներին, քան իրական փաստերին և Աստծո Խոսքին:

Հիսուսն ասել էր, որ պիտի հարություն առնի: Հիսուսի բոլոր ասածները ճշմարտություն են: Բայց աշակերտները չհավատացին նրա հարությանը: Դրա համար Հիսուսը հանդիմանեց նրանց: Եվ միայն հանդիմանելուց հետո ասաց՝ «Գնացեք և ավետարանը քարոզեք»: Նա հանդիմանեց, որպեսզի աշակերտները թողնեն անհավատությունը և քարոզեն հավատով: Հանդիմանությունը բացեց նրանց միտքը:

Չհավատացողների մասին Հիսուսը մի բան ասաց միայն՝ կդատապարտվեն: Բայց հավատացողների համար թվարկեց նրանց ուղեկցող բոլոր նշանները: Դրանք այն նշաններն են, որոնցով հավատացողները տարբերվում են մնացած բոլորից: Այս նշանները չեն վերաբերվում միայն առաքյալներին, աշակերտներին կամ հովիվներին: Հիսուսն ասաց՝ ով որ հավատա: Այսինքն այս նշանները վերաբերվում են բոլոր հավատացյալներին:

Նշաններից առաջինը դևեր հանելու իշխանությունն է: Խոսքը միայն ուրիշի դևերիի մասին չէ: Սա առաջին հերթին վերաբերվում է հենց իր՝ հավատացյալի դևերին: Հավատացյալը պետք է ազատվի բոլոր դևերից, դիվային ազդեցություններից, դիվային մտքերից: Ամեն հավատացյալ իշխանություն ունի իր բացասական մտքերի վրա: Ուղղակի պետք է վանել դրանց Հիսուսի անունով:

Հավատացողների մյուս նշանն է՝ «նոր լեզուներ կխոսեն»: Ավանդական քրիստոնյաները չգիտես ինչու չեն ընդունում այս միտքը: Նրանց կարծիքով դա վերաբերվում էր միայն առաքյալներին, և դրա ժամանակն անցել է: Բայց Աստծո Խոսքում հստակ գրված է՝ «Ով հավատաց, նոր լեզուներ կխոսի»:

Երրորդ նշանը վերաբերվում է օձեր վեր առնելուն՝ բռնելուն: Հայտնի է, որ վաղեմի օձը հենց ինքը՝ սատանան է: Հիսուսը հավատացյալներին իշխանություն տվեց Իր անունով բռնել սատանային և հեռացնել իր և ուրիշների կյանքից:

Հաջորդ նշանը մահադեղ խմելու մասին է: Այս նշանը ապացուցելու համար բոլորովին կաիրք չկա թույն խմելու: Այսօր մեզ շրջապատող աշխարհը՝ օդը, ջուրը, սնունդը, պարունակում են որոշ քանակությամբ թունավոր նյութեր: Հաճախ թունավոր ու մահացու է նույնիսկ տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք հեռուստատեսությամբ կամ համացանցով: Իհարկե մահացու թույնի ազդեցությանը չենթարկվելու լավագույն ձևը այն չօգտագործելն է: Բայց եթե հավատով աղոթենք, ապա Աստված կարող է մաքրել ամեն սնունդ, օդն ու ջուրը:

Հինգերորդ նշանը վերաբերվում է հիվանդների բժշկությանը: Սուրբ Հոգին նյութական ձեռքեր չունի: Նրան հարկավոր են ձեռքեր: Եթե ձեռքերը մաքուր են ամեն պղծությունից, գողությունից, կաշառքից,  ապա դրանք հիվանդի վրա դնելիս հիվանդը կառողջանա: Քո ձեռքերն օգտագործվում են զուտ որպես գործիք, իսկ բժշկողը Սուրբ Հոգին է: Իսկ քեզնից պահաջվում է միայն հավատ:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ