Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիները լուրջ մտահոգություն են հայտնում
Սեպտեմբերի 6-ին Երևանի «Էմմանուէլ» ավետարանական եկեղեցու շենքում տեղի ունեցավ Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովը, որի մասնակիցների կողմից ընդունվեց միասնական հայտարարություն «Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի պաշտպանության»: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովը`
1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ`
ա. ««Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից` https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=ajv-34-05.doc), ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը:
Դրանով իսկ տեղ է թողնվել հիշյալ օրենքի 4-րդ, 8-րդ, 18-րդ հոդվածներում ամրագրված միջազգային իրավունքի գերակայությանը, որի վտանգավորության մասին արդեն խոսվել է ս.թ. հուլիսի 22-ի Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվների հայտարարության մեջ:
բ. Այլասերվածությունները մեր հասարակական կյանքում ավերածություններ են անում` մտնելով հայ մշակույթ`
- սեռական արատների մասին հեռուստատեսային «հումորային» հաղորդումների,
- արյունապղծություն և մանկապղծություն քարոզող «գրական» գործերի,
- հայկական կինոփառատոնի շրջանակում միասեռականություն քարոզող ֆիլմերի միջոցով (ի դեպ, դրանցից մեկը շարունակաբար ցուցադրվում է կինոթատրոններում):
գ. Սեպտեմբերի 14-21-ին «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների փորձագետներ, որոնց նպատակն է «համախմբել տարբեր եվրոպական և հայկական կազմակերպությունների և նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը»: Այն ֆինանսավորվում է «Եվրոպական Միության Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի կողմից» (http://robbie-raul.blogspot.com/2013/08/hraparakam.html):
Ի դեպ, հիշյալ շարժման ծրագրային նպատակներից մեկը սեռական կողմնորոշման խտրականության կանխումն է (http://adukatar.net/wp-content/uploads/2009/12/Adu_8_Pages_11-14.pdf):
2. Հաստատելով, թե Նոր Կտակարանում համասեռամոլությունը դատապարտվում է որպես մեղք (Թուղթ Հռոմեացիներին 1.24-27: Ա Տիմոթեոս 1.9,10: Ա թուղթ Կորնթացիներին 6.9,10), մերժում է իրենց քրիստոնեական համարող «եկեղեցիների»` միասեռական «ամուսնություններն» ընդունելու դիրքորոշումը:
Մինչդեռ Ճշմարիտ եկեղեցին այսօր էլ կոչված է մեղքի իշխանության տակ գտնվողներին բերել Քրիստոսին` ազատագրվելու, վերածնվելու և սրբացման կյանքով ապրելու (Ա թուղթ Կորնթացիներին 6.11: Եփեսացիներին 2.1-6: 4.21-24: Կողոսացիներին 3.5-10):
3. Մի անգամ ևս դիմում է `
ա. Մեր հավատավոր հայրենակիցներին` բարձրացնելու քաղաքակրթության փրկության և քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.
բ. Հայ հասարակայնության բոլոր խավերին` ըստ ամենայնի պաշտպանելու անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալու այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը.
գ. Հայրենի իշխանություններին` օրենսդրական և գործադիր ոլորտներում, ինչպես նաև միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգևոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության և մյուս այլասերվածությունների քարոզչության արգելման օրենք:
Մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի և Հայաստան երկրի շինության համար առ Աստված աղոթքով և
Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովի անունից`
Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան
Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան
Վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան
Վերապատվելի, դոկտ. Սամվել Նավոյան
Աղբյուր՝ crossnews.am