Հոգու և անձի փրկությունը
Հովհաննես առաքյալն ասում է.
«Սիրելիս, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին է յաջող»: 3 Հովհ. 1-2:
Բնագրում «հոգի» բառը օգտագործված է «շունչ» իմաստով (ռուսերենում՝ душа): Մարդը հոգի է, ունի շունչ և բնակվում է մարմնի մեջ:
Առանց հոգու կյանք չկա: Եթե մարդը հոգով վերստին չծնվի, փրկության չի արժանանա: Հոգու նպատակներից մեկը Տիրոջը երկրպագելն է: Բայց փրկությունը վերաբերվում է ոչ միայն հոգուն, այլև մեր անձին՝ շնչին: Շունչը մեր մտածելակերպն է, մեր զգացմունքները, մեր բնավորությունը, մեր ապրելակերպը:
Մարդ պետք է կարողանա քննել իր անձը, որպեսզի կարողանա փոխել այն Աստծո կամքին համապատասխան: Եթե դու Սուրբ Հոգով մկրտված ես, դա դեռ չի նշանակում, որ դու արդեն օրհնված ես: Օրհնության համար վերստին ծնունդն ու Սուրբ Հոգով մկրտությունը պարտադիր են, բայց ոչ բավարար: Հարկավոր է աշխատանք տանել շնչի ոլորտում, որպեսզի փոխվեն մեր մտքերը, մեր զգացմունքները, մեր անձը, և արդյունքում՝ մեր կյանքը:
Սուրբ Հոգին այն լույսն է, որի ներքո մենք տեսնում ենք մեր անձը: Որքան շատ հաղորդակցվենք Սուրբ Հոգու հետ, այնքան շատ կլինեն փոփոխությունները շնչի ոլորտում:
Եթե ուզում ես «ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես», պետք է մեծ ուշադրություն դարձնես քո շնչի վրա: Մեր կյանքի հաջողությունները կախված են մեր բնավորությունից: Եթե բնավորությունդ լավը չէ, եթե շնչի ոլորտում խնդիր կա, ապա դևերը գալիս են հենց այդ խնդիրների՝ վնասված տեղերի վրա և սկսում են ազդել մարդու վրա: Իսկ եթե շնչի ոլորտը առողջ է, ապա քո կյանքը առողջ և հաջող կլինի:
«Ձեր հաւատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկութիւնը» 1Պետ.1:9:
Շնչի, անձի փոփոխության հասնելու միակ ճանապարհը հավատն է: Եթե մարդը չի հավատում և չի ուզում փոխվել, նա չի փոխվի: Եթե չի ուզում, որ իր շնչի ոլորտը փոխվի, ոչ ոք չի կարող այն փոխել: Փոխվելու համար հավատ է պետք, որը չերևացած բաների ապացույցն է: Դավանիր դրական, ճիշտ բաներ: Հավատա՛, որ դու բժշկված ես, ազատ ես, փոխվել ես: Մի՛ նայիր քո խնդրին, նայի՛ր Աստծո Խոսքին:
«Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք և Ինձնից սովորեցե՛ք, որ Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»: Մատթ.11:28-30:
Հիսուսը նախ կանչում է մեզ, որ գնանք Իր մոտ: Այդ դեպքում Նա մեզ հանգիստ կտա: Բայց նա հորդորում է նաև, որ վերցնենք Իր լուծը և լինենք Իր նման՝ հեզ և սրտով խոնարհ: Այդ դեպքում կգան իրական հանգստությունն ու խաղաղությունը:
Դու պետք է պատասխանատու լինես քո անձի համար: Դա դժվար չէ, հեշտ է՝ «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև»:
Նայիր ինքդ քեզ Աստծո աչքերով, գտի՛ր քո թերությունները և փոխի՛ր ինքդ քեզ Հիսուսի զորությամբ: Ու կհաղթահարես բոլոր դժվարությունները, խնդիրներն ու փորձությունները: Եթե ուզում ես ուրիշին փոխել՝ փոխվիր ինքդ, եթե ուզում ես ուրիշի ազատագրությունը՝ ազատվիր ինքդ:
Փոխվիր, փոխիր քո շունչը, և կստանաս քո հոգու և անձի փրկությունը:
Սեփական լրատվություն