Ինչի՞ց է սկսվում հոգևոր նահանջը
Հոգևոր նահանջը հիմնականում սկսվում է ոչ ճիշտ ուղղությամբ փոքրիկ քայլերից: Ինքն իրենով այդ քայլերն այնքան էլ սարսափելի չեն, սակայն երբ մարդը հրաժարվում է հետ վերադառնալ ճշմարիտ ուղի, սա արդեն անկման սկիզբն է:
Հոգեպես նահանջող մարդիկ հետևում են իրենց սրտի ցանկություններին, ստեղծում են իրենց սեփական ուղին և սեփական պատվիրանները, կամ էլ ունենում են Աստծո պատվիրանների սեփական հասկացողությունն ու բացատրությունը:
Նահանջի առաջին և գլխավոր պատճառը չապաշխարված մեղքն է: Կարևոր չէ՝ մարդը զղջո՞ւմ է իր արածի համար, թե՞ ոչ: Կարևոր է, թե որքանով է նա բաց՝ խոսելու Աստծո հետ իր մեղքի մասին և ներողություն խնդրելու:
Մեղքը մեզ ոչ միայն դարձնում է մեղավոր Աստծո առաջ, այն մեզ պղծում է, դարձնում մեզ անմաքուր: Ցանկացած մեղքի դեպքում՝ մեր մտքերը, մեր պատկերացումները, մեր քայլերը դառնում են անմաքուր: Մենք դառնում ենք կասկածամիտ, վիրավորվող, կորցնում ենք մեր ներքին խաղաղությունը:
Մեղքով վարակվելը բերում է անլիարժեքության և անբավարարվածության զգացողություն, որը ոչնչով չի լրացվում: Աստված շարունակում է մոտ լինել, բայց այն նախկին մտերմությունն արդեն չի լինում: Մենք սկսում ենք փնտրել մեղավորների, քանի որ ինքներս մեզ՝ որպես մեղավոր չենք ճանաչել:
Այս պղծությունից սրբվելու և մաքրվելու միակ տարբերակն ապաշխարությունն է. «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա. Հովհաննես 1.9):
Հաջորդ պատճառը հոգևոր նահանջի անհամաձայնությունն է: Եթե անգամ դու ճիշտ ես, բայց ոչ թե քո տարբերակն է ընդունվել, այլ մեկ այլ մարդու սխալ տարբերակը, ապա պետք է հաղթահարել ներքին ըմբոստությունը և անցնել առաջ: Այսպես, միևնույնն է, դու շահում ես, քանի որ ավելի հասուն ես դառնում: Բայց եթե սրտումդ արմատանա ըմբոստության փոքրիկ թվացող սերմը, ապա դա անկասկած մի օր կբերի նահանջի:
Վիրավորանքը նույնպես հոգևոր նահանջի հիմնական պատճառներից է: Այն անուղղակի պատճառ է իրենից ներկայացնում. թվում է, թե ամեն ինչ նորմալ է. «Միայն այս մի կիրակնօրյա հավաքույթին չեմ գնա, որպեսզի ավելորդ չվիճեմ, խաղաղվեմ, հետո կհաղթահարեմ ու կգնամ»: Եվ վիրավորանքը միայնակության մեջ ավելի ու ավելի է գլուխ բարձրացնում, ճնշում և, վերջ ի վերջո, բոլորովին կտրում քույր-եղբայրներից:
Եթե քեզ վիրավորել են, ապա ճիշտ վերաբերմունքը ներելն է, իսկ սխալը՝ այն սրտում պահելը: Եթե դու ընդունակ չես ներելու, ապա դու հասուն քրիստոնյա չես և օգնության կարիք ունես: Բայց քանի որ վիրավորանքը մեզ մեկուսացնում է համայնքից, ապա ո՞վ կարող է մեզ օգնել:
Ուստի իմ խորհուրդն է ձեզ, թանկագիննե՛րս, մի մեկուսացեք՝ ինչ էլ լինի: Գտեք հավատարիմ ու հասուն մեկին և կիսվեք ձեր ներքին ապրումներով:
Մենք միաբանության մեջ ենք զորավոր, և ոչ թե անհատը, այլ եկեղեցին է, որ հաղթում է չարի ամեն հարձակումներին:
Ալեքսանդր Վելիչկո