Մարկ Դրիսկոլ. Զգուշացեք Աստծո անունը դատարկ տեղը արտասանելուց

Մարկ Դրիսկոլ. Զգուշացեք Աստծո անունը դատարկ տեղը արտասանելուց

Սիեթլ քաղաքի «Մարս Հիլլ» եկեղեցու հովիվ Մարկ Դրիսկոլը բացատրում է, թե ինչ է նշանակում Աստծո անունը «դատարկ տեղը» արտասանել:

Դա նշանակում է՝ հենց այնպես, թեթևամտորեն, անտեղի, առանց խորհելու: Դա հարգալից չէ, պարկեշտ չէ:

Հովիվը նշում է չորս դեպք, երբ մենք Աստծո անունը դատարկ տեղն ենք արտասանում:

Առաջին. սուտ խոստումները: Նա հղում է կատարում Մատթ. 5:33-35 համարներին. «Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։ Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. Ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ. Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. Եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի»։

Երկրորդ. սուտ մարգարեությունները. «Տէրն ինձ ասեց. Մարգարէները սուտ են մարգարէանում իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ նորանց չեմ ասել. Նորանք սուտ տեսիլքներ եւ գուշակութիւն եւ սնոտի բան եւ իրանց սրտի խաբէութիւններն են մարգարէանում ձեզ համար»: (Երեմ. 14:14):

Մի՛ խաբվեք, կոչ է անում հովիվը: Նա բերում է աշխարհի վերջը կանխատեսողների օրինակը: Սուտ մարգարեները մարդկանց վզին են փաթաթում այնպիսի բաներ, որոնք Տերը չի ասել, ու դրանով վնասում են նրանց, ում սիրում է Աստված:

Երրորդ. կեղծ արդարացումները. «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ»։ (Մատթ. 7:21-23):

Աստծո անունը շատերն են կանչում: Շատերն են պնդում, որ իրենց ամբողջ կյանքը Աստծո մեջ է: Բայց դա անում են ոչ թե հանուն Նրա անվան, այլ հանուն սեփական օգուտի: Կեղծ արդարացումներ են այն դեպքերը, երբ ձեր խոսքն ու գործը չի համընկնում, երբ մենք կեղծում ենք ինքներս մեզ, երբ ձևանում ենք: Մենք ուզում ենք օգտվել բոլոր արտոնություններից, բայց խուսափում ենք կատարել մեր պարտականությունները:

Որպես իր ասածի ապացույց Դրիսկոլը բերում է Բարաք Օբամայի ուղերձը «Ծնելիության պլանավորում» կազմակերպությանը, որը արհեստական վիժեցումներով զբաղվող խոշորագույն կազմակերպությունն է ԱՄՆ-ում: Օբաման նրանց ասել է «Շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ»: Սա նշանակում է, որ Օբաման բառացիորեն ասել է. «Տեր, խնդում եմ օրհնիր այս մարդկանց, որպեսզի կարողանան ավելի շատ մանուկների զրկեն կյանքից»: Սա պատվիրանի կոպիտ խախտում է:

Չորրորդ. անհեթեթությունները: Հովիվը հիշեցնում է, թե ինչ է գրված Ղևտ. 19:12--ում. «...իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան»: 

Ի՞նչ է նշանակում պղծել: Աստվածաշնչի Աստվածը փառքի Աստված է: Նա կարևոր է, նշանակալից է, հանճարեղ է, հրաշալի է: Պղծել, նշանակում է նրան թեթևամտորեն, անպատշաճ կերպով վերաբերվել, նրա մասին խոսել որպես զվարճանքի, որպես հաճելի զբաղմունքի:

«Մենք չպետք է խուսափենք Աստծո անունից և չպետք է չարաշահենք այն: Մենք պետք է Նրա անունն օգտագործենք այնպես, որպեսզի պատշաճ պատիվ մատուցենք Նրան», ամփոփում է հովիվ Դրիսկոլը:

Աղբյուր՝ cnlnews.tv


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ