Մեկ նպատակ՝ գրավել Աստծուն

Մեկ նպատակ՝ գրավել Աստծուն

Այսօր աշխարհում գոյատևման պայքար է ընթանում: Հաղթում է ուժեղը:

Հավատքի մեջ նույնպես հաղթում ու գոյատևում է նա, ով ուժեղ է: Դու կուզես, որ քո բժիշկը, ուսուցիչը, ղեկավարը, հովիվը ուժեղ լինեն: Աստված էլ ուզում է, որ դու ուժեղ լինես:

Բոլոր ոլորտներում մրցակցություն կա: Թույլ մարդ չկա: Ուղղակի դու պիտի գտնես, թե կյանքի որ ոլորտում ես ուժեղ: Հենց այդ ոլորտում էլ դու կլինես հաղթող և երջանիկ:

Հաղթող լինելու համար մարդիկ աշխարհում օգտվում են տարբեր միջոցներից՝ ծանոթներից կամ փողից: Դրանք աշխարհում զորություն ունեն: Մեր զորությունն այլ տեղ է.

«Աստուած մի անգամ խօսեց. Ես երկու անգամ լսեցի այս. Թէ զօրութիւնն Աստուծուն է»: Սաղմ.62:11:

Մեր զորությունն Աստվածն է: Ավելին՝ Նա սիրում է մեզ անսահման աստվածային սիրով:

Սողոմոնն իր ծառայության հենց սկզբում որոշեց իր գործունեության մեջ ներգրավել Աստծուն: Նա հազար ողջակեզ զոհեց և Աստված այցելեց նրան: Սողոմոնը, լինելով մեծ ազգի թագավոր, ասաց.

«Ես մի փոքր տղայ եմ, չգիտեմ ելնել ու մտնելը»: 3Թագ.3:7:

Սողոմոնը գիտակցում էր, որ առանց Աստծո ինքը փոքր է և ոչինչ չի կարող անել: Նա Աստծուց իմաստուն սիրտ խնդրեց և ստացավ այն:

Աստծուն կարող ես ներգրավել քո ծառայության մեջ աղոթքներով, զոհերով, ինչպես Սողոմոնը և մաքուր սրտով: Մեր ամենամեծ խնդիրը Աստծուն մեր կյանքի մեջ ներգրավելն է: Եթե դա տեղի ունենա, Նա Ինքը կլուծի քո բոլոր խնդիրները:

Դավիթը նույնպես Աստծուն գրավեց իր պարզությամբ, մաքրությամբ և նվիրվածությամբ, իր սաղմոսներով ու իր արդարությամբ: Սողոմոնն էլ, Դավիթն էլ իրենց շրջապատեցին Աստծով՝ ազնիվ, արդար և Աստծոն նվիրված մարդկանցով՝ ճիշտ մարդկանցով: Ով որ շրջապատում է քեզ, նա էլ քո կյանքի վրա ազդեցություն ունի: Սատանայի նպատակն է քեզ հեռացնել աստվածային շրջապատից և շրջապատել իր ներկայությամբ: Սողոմոնը հետագայում հեռացավ Աստծո շրջապատից և իրեն շրջապատեց այլազգի կանանցով, ինչը Տերն արգելել էր: Ու Սողոմոնի կյանքը փոխվեց. տուժեց ոչ միայն ինքը, այլև ամբողջ ազգը:

Դավիթն, ընդհակառակը, իրեն միշտ շրջապատեց ճիշտ մարդկանցով, մինչև կյանքի վերջը գնաց Աստծո հետ և չընկավ:

Եթե դու չես կարողանում փոխել քո շրջապատը, ապա քո շրջապատը կփոխի քեզ: Հեռացրու քեզանից այն մարդկանց, ովքեր չեն ուզում ճանաչել Աստծուն.

«Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը»: 1Կոր.15:33:

Իսկ եթե դու շրջապատված ես արդարներով, դա մեծ ուժ է.

«Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը»: Առակ.27:17:

Թույլ տուր, որ քեզ շրջապատող ուժեղ մարդիկ «սրեն» քեզ:

Դու դատապարտված ես հաջողության, և դա կախված է այն բանից, թե որքանո՞վ է քեզ հաջողվել ներգրավել Աստծուն քո կյանքի մեջ: Դուրս արի պղծությունից, և Աստված կլինի ոչ միայն Աբրահամի, Իսահակի և Հակոբի, այլև քո Աստվածը:

Եթե ծանոթներ չունես՝ Աստված է քո ծանոթը: Եթե ֆինանսներ չունես՝ ունես ամենահարուստ Աստծուն: Ընկեր չունես՝ Հիսուսը կլինի քո ընկերը:

Քո առջև մի նպատակ դիր՝ Աստծուն ներգրավել քո կյանքի մեջ:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ