Մեկ ուրիշ անոթ

Մեկ ուրիշ անոթ

Մարտի 6-ի կիրակնօրյա ծառայության սկզբում «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը շնորհավորեց բոլոր քույրերին՝ գարնանային տոների կապակցությամբ, իսկ եղբայրները նրանց նվիրեցին գեղեցիկ գարնանային ծաղիկներ։

Որպես իր կիրակնօրյա պատգամի առանցքային խոսք հովիվն ընտրել էր Երեմիա 18։2-4 խոսքերը․

«Վեր կաց իջիր բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խօսքերը։  Եւ ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակների վերայ։ Եւ աւերուեցաւ այն ամանը, որ նա շինում էր, ինչպէս բրուտի ձեռքի կաւին պատահում է, եւ նա դարձաւ ու մի ուրիշ աման շինեց, ինչպէս որ բրուտի աչքին հաճելի էր անելու»։

Աստվածաշունչը հաճախ է մարդկանց համեմատում անոթների հետ։ Աստծուն անհրաժեշտ են մարդիկ՝ անոթներ, որոնց մեջ նա կլցնի Իր Խոսքն ու Իր Հոգին։

Մարդիկ հաճած հարցնում են, թե ինչո՞ւ իրենց կյանքում ոչինչ չի փոխվում։ Որովհետև Աստված ցանկանում է քեզնից ստեղծել մի ուրիշ անոթ, Իրեն հաճելի։ Դա է պատճառը, որ Աստված երբեմն թույլ է տալիս, որ մենք փշրվենք, որպեսզի մի նոր անոթ ծեփի և լցնի ինչով ինքն է ուզում։

«Բայց մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. Այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։ Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պիտանի»։ 2 Տիմ․2։20-21։

Կարևոր չէ, թե անոթը ոսկուց է, արծաթից, փայտից թե կավից։ կարևորն այն է, որ անոթը մաքուր լինի։

Մի ժամանակ մենք նույնպես անոթներ էինք։ Բայց մեզնից ոչ ոք չէր խմում։ Փոխվելու, մաքրվելու համար անհրաժեշտ են Աստծո Խոսքն ու Սուրբ Հոգին։

Թույլ տուր, որ Աստված ցույց տա  քեզ, թե ինչ է լցված քո մեջ։ Թույլ տուր, որ Աստված փշրի քեզ ու նոր անոթ պատրաստի։ Դրանից հետո պետք է թրծվես կրակով։ Ու այդ կրակը պետք է այնքան ուժեղ լինի, որպեսզի աշխարհի ու մեղքի կրակը չվնասի քեզ։

Հին անոթի մեջ նոր գինի չեն լցնում։ Օրհնությունները գալիս են նոր անոթների մեջ։

Երբ տեսնում ես, որ Աստված քեզնից նոր անոթ է պատրաստում, մի՛ ընդհատիր, կիսատ մի՛ թող, այլ թույլ տուր, որ Նա ավարտի Իր գործը։

Տո՛ւր քեզ Աստծո ձեռքերի մեջ։

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ