«NG | YOUTH» | Ալեքսանդր Պոդոբեդով
«Նոր սերունդ» եկեղեցու «NG | YOUTH» երիտասարդական ծառայության հատուկ հյուրն էր ՌԴ Իժևսկ քաղաքի «Աստծո եկեղեցի» եկեղեցու հովիվ Ալեքսանդր Պոդոբեդովը:
Աշխույժ փառաբանությունից և աղոթքից հետո նա փոքր-ինչ պատմեց իր մասին, որից հետո իր խոսքն ուղղեց երիտասարդներին:
Հովիվ Ալեքսանդրն իր խոսքում մասնավորապես ասաց․«Աստված բոլորիս առաքելություն է տվել մարդկանց պատմելու, թե ինչ նշանակություն ունեն նրանք Աստծո համար, բայց առաջին հերթին Նա ուզում է հայտնել դա մեզ՝ իր երեխաներին, թե ովքեր ենք և ինչի համար ենք կանչված:
3 Թագավորաց 19–ում գրված է Եղիսեի մասին, ով, թողնելով ամեն բան, որոշում կայացրեց հետևել Եղիա մարգարեին: Աստված հաճախ ընտրում է հասարակ մարդկանց, ովքեր գուցե չեն առանձնանում իրենց արտաքինով կամ վարքով: Մենք երբեմն մտածում ենք, թե ինչպես կարող է Աստված ընտրել ինձ, չէ որ միշտ սխալվում եմ, ամեն ինչ այնքան էլ լավ չեմ անում, բայց գուցե հենց դու ես պետք Աստծուն:
Նրան հարկավոր են ոչ թե անթերի, այլ բաց սրտով մարդիկ, ովքեր կարող են երազել Իր պես: Եղիսեն վար էր անում, դա իսկապես շատ ծանր էր ու դժվար , բայց նա աղաղակում էր Աստծուն, աղոթում էր ու համբերում: Եղիսեն գիտեր, որ Աստված նախասահմանություն ուներ իր համար, հավատում էր, որ ինքը մի օր կմտներ ինչ-որ մեծ կոչման մեջ: Եվ Եղիան հանդիպեց Եղիսեին: Հնարավոր է, որ Աստված կարող է մեզ ընտրել այնպես, որ դա մեզ բոլորովին դուր չգա, հնարավոր է Աստված խոսի ինչ-որ մեկի միջոցով, ում միջոցով անգամ չէինք էլ կարող պատկերացնել, այդ պատճառով հարկավոր է միշտ բաց լինել Աստծո առջև: Եղիսեն թողեց այն, ինչ թանկ էր իր համար, հրաժեշտ տվեց ծնողներին ու հետևեց Եղիային:
Երբ Աստված կանչում է, պետք է թողնել ինչ-որ բան, ինչը կարող է շատ թանկ լինել, գուցե այն, ինչը կյանքիդ իմաստն ես համարում: Աստված երբեք չի խնդրի քեզ թողնել մի բան, ինչի փոխարեն չի տա քեզ ավելին: Եղիսեն 18 տարի ծառայեց Եղիային, որպեսզի մտներ իր կոչման մեջ: Աստված քեզ անցկացնում է ինչ-որ ճանապարհով, ձևավորում ու դաստիարակում է, որպեսզի ուղղեկցի քեզ կոչմանդ մեջ: Գուցե այսօր Աստված տանում է քեզ մի ուղիով, որը բարդ է ու ցավոտ, բայց հիշիր, որ դա ընթացք է: Մինչև քո ծնվելը Նա արդեն տվել էր քեզ ճակատագիր: Եթե Աստված թույլ չտա մարդկանց, ովքեր քեզ ցավ են պատճառում, մտնել կյանքիդ մեջ, դու չես դառնա նա, որ պիտի դառնաս: Աստված կոչում ունի քեզ համար»:
Խոսքից հետո երիտասարդներն աղոթեցին ու երկրպագեցին Տիրոջն՝ Աստծո կենդանի ներկայության ներքո:
Կարծիքներ՝
Ծառայությունը շատ օծված էր: Հատկապես օրհնվեցի այն խոսքից, որ եթե Տերը կանչում է մեզ ծառայության, պետք է թողնենք մեր կյանքում ամենաթանկն ու գնանք Տիրոջ գործը առաջ տանելու: Իսկ այդ ծառայության մեջ շատ կարևոր է օծությունը և Աստծո կողմից առաջնորդություն ունենալը:
Սոնա Օհանյան
Շատ օրհնված եմ: Հզոր ու օրհնված ծառայություն էր՝ լի Աստծո ներկայությունով: Իսկապես յուրաքանչյուրս պետք է հասկանանք ու գտնենք, թե ինչի համար ենք կանչված ու քայլենք դրանով: Պետք է ունենանք երազանք: Ու ամենակարևորն է, որ հասկանանք, թե Տերն ինչքան շատ է մեզ սիրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովիվ Ալեքսանդրին այս օծված ծառայության համար:
Անի Խուդոյան
Պատրաստեց Աննա Բարսեղյանը
«NG | YOUTH»