«NG|YOUTH» երիտասարդական ծառայության հյուրն էր հովիվ Տիգրան Թադևոսյանը
Հունվարի 18-ին տեղի ունեցավ 2015 թվականի առաջին ընդհանուր երիտասարդական ծառայությունը, որի հյուրն էր հովիվ Տիգրան Թադևոսյանը։ Եկեղեցում մոտ վաթսուն երիտասարդներ հավաքվել էին` լսելու հովվի ուղերձը։
Հովիվն իր խոսքում մասնավորապես ասաց․«Ամեն ինչի համար իր ժամանակը կա՝ ժամանակ կա քարեր հավաքելու, ժամանակ կա քարերը թափելու (Ժող.3): Այսօր ժամանակն է, որպեսզի մեր կյանքի հիմնային քարերը հավաքենք:
Մենք պետք է սովորենք, պատրաստվենք, մինչև որ Աստված մեզ ներկայացնի: Հիսուսը խոսում էր պատրաստված լինելու մասին՝ պատմելով 10 կույսերի առակը: 5 իմաստուն կույսերը ,յուղն ու լապտերները ձեռքներին,պատրաստ սպասում էին փեսայի գալուն:
Այսօր մենք մեր լապտերի մեջ մշտապես պետք է յուղ ունենանք՝ օծություն: Պետք է պատրաստենք Աստծո ճանապարհը՝ Նա գալիս է, երբ մենք պատրաստ ենք:
Կարևոր է նաև պատրաստվել ոչ թե մեզ համար, այլ որպեսզի կարողանանք ուրիշներին էլ պատրաստել, և երբ Տերը գա, նրանց էլ վերցնի մեզ հետ:
Դավիթը Գողիաթի դեմ մենամարտի գնալուց անպատրաստ չէր, նա սովորել էր քարը ճիշտ նետել, կռվել էր առյուծի ու արջի հետ (1 Թագ. 17:22-33)։
Սակայն մեկ այլ հանգամանք էլ կար․ Դավիթը մեկ այլ առավելություն էլ ուներ, ինչի համար Աստված նրան ընտրել էր․ նա իր կյանքի առաջնային տեղում Աստծուն էր դնում, նա գիտեր ,որ Աստծով է եկել իր գիտությունն, ուժն ու կարողությունը:
Քրիստոնյաները չպետք է տգետ լինեն: Աստծո խոսքն ասում է ,որ մենք պետք է խորագետ լինենք օձի պես և միամիտ՝ աղավնու պես: Սկսենք կրթվել, զարգանալ բոլոր բնագավառներում, դառնանք անհատականություններ»:
Ծառայությունն ավարտվեց աղոթքով և երկրպագությամբ։
Մեզ հետ զրույցում երիտասարդներից ոմանք կիսվեցին իրենց տպավորություններով։
Հովվի խոսքը շատ ուսուցողական էր`նվիրված մեր անձի կայացմանը: Պետք է սպասել, որ Աստված ներկայացնի մեզ, ինչպես Դավիթը: Բայց մինչև Աստծո ներկայացնելը, մենք պետք է պատրաստվենք,ինչպես Դավիթը:
Նա Սավուղ թագավորին ներկայացրեց , թե ինչպես է պատրաստվել ,արջին, առյուծին սպանելով, միայն այդ դեպքում նրան թույլ տրվեց ցույց տալ իր կարողությունները`շեշտելով , որ Աստված է նրան կարողություն տվել:
Երիտասարդությունը մեր պատրաստվելու ժամանակն է, ինչպես ժողովող գրքում է գրած քարեր հավաքելու ժամանակն է: Պետք է սպասել, և Աստված ճիշտ ժամանակին կներկայացնի մեզ:
Անուշ Գալոյան
Գոհանում եմ Տիրոջից այսօրվա ծառայության համար: Դա հնարավորություն էր լսելու կյանքի գաղտնիքներ, որոնք չենք լսում ոչ մի այլ տեղ:
Արամ Հովսեփյան
Եվս մեկ անգամ առիթ ունեցա լսել Աստվածաշնչյան խոսքեր հովիվ Տիգրան Թադևոսյանից: Խոսք, որն ամեն անգամ մեզ ստիպում է անդրադառնալ մեր առօրյա կյանքին՝ աշխատանքային մթնոլորտ, ընտանեկան և ընկերական հարաբերություններ, որոշումներ և այլն...
Մտերմիկ զրույց ստացվեց։ Հովիվ Տիգրանն իր խոսքը կառուցեց Աստվածաշնչյան պատմությունների վրա, որն, իմ խորին համոզմամբ, օգտակար է մեզանից յուրաքանչյուրի համար:
Վերջինս իր մեջ պարունակում է խրատ, հանդիմանություն և ծուռ ճանապարհից ուղղվելու ուղի: Մենք՝ երիտասարդներս, ունենք աշխատասիրության, քաջալերանքի, համբերատարության, զգոնության և ի վերջո իմաստության կարիք. հովվի խոսքը հենց այս ամենի մասին էր:
Արման Սարգսյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18:30, եկեղեցու գրասենյակում: Կարող եք հրավիրել ընկերներին և մտերիմներին։