Օգուտ՝ ուրիշ շահը փնտրելուց

Օգուտ՝ ուրիշ շահը փնտրելուց

Օրհնվել ուզում են բոլորը: Աստված Ինքը խոստացել է, որ օրհնելու է Իրեն ապավինողներին: Օրհնությունը գալիս է հավատից, հավատը՝ Աստծո Խոսքից: Եթե դու կարդում ես, ընդունում ես Աստծո Խոսքը և ձգտում ես ապրել Աստծո Խոսքով, ապա դու արդեն օրհնված ես: Օրհնությունը պետք է լինի քո կյանքի բոլոր ոլորտներում: Թեև հայկական ասացվածքն ասում է՝ «Երկու երնեկ մի տեղ չի լինում», բայց Աստծո Խոսքն  ասում է, որ ոչ թե երկու, այլ բոլոր երանիները միաժամանակ կարող են գործել քո կայնքում:

Աստծո Խոսքը դեպի օրհնությունները տանող բանալիներ է տալիս:

«Թող ո՛չ ոք միայն իր օգուտը չփնտրի, այլ յուրաքանչյուրը՝ մյուսինը»: 1Կոր.10:24:

Մարդիկ սովոր են փնտրել միայն սեփական օգուտը, իսկ ուրիշի օգուտը այնքան էլ կարևոր չեն համարում: Բայց Աստծո Խոսքը պատվիրում է փնտրել մյուսների օգուտը նույնպես: Այս սկզբունքի վրա են կառուցվում ճիշտ հարաբերությունները: Իսկ կյանքը ոչ թե օգուտն ու շահն է, այլ ճիշտ հարաբերությունները: Դու պետք է ճիշտ հարաբերություններ ունենաս Աստծո և մյուս մարդկանց հետ: Ամեն բանում փնտրիր ուրիշի օգուտը, և կտեսնես, որ նմանվում ես Աստծուն ու մարդիկ սկսում են քեզ սիրել:

Հոբը հիվանդ էր, պառկած էր խոցերի մեջ և գուցե մեռներ: Այդ ժամանակ նրան այցի եկած ընկերներից մեկը՝ Եղիփազը, ասաց.

«Մի՞թե մարդ կարող է Աստծուն օգտակար լինել. խելացի մարդը միայն իրեն է օգտակար լինում»: Հոբ 22:2:

Եղիփազին թվում էր, թե ինքը իմաստուն միտք է ասում: Բայց սա բոլորովին իմաստություն չէ: Դրա համար Աստված Հոբի ընկերներին խորհուրդ տվեց զոհ մատուցել, գնալ Հոբի մոտ, որպեսզի նա աղոթի իրենց համար,  «որպեսզի չհատուցվի ձեզ ձեր հիմարությունը. Որովհետև Իմ մասին ուղիղ չխոսեցիք», -ասաց Տերը (Հոբ 42:8):

Աստծուն պետք է քո սրբությունը: Աստված օգուտ ունի քո արդարությունից: Աստծո օգուտը դու ես, Նա քեզ է շահում քո արդարության շնորհիվ: Եթե մարդ հավատի մեջ մտածում է միայն իր մասին, փնտրում է միայն իր օգուտը, դրանով նա փչացնում է իր հարաբերություններն Աստծո հետ: Իսկ եթե փնտրում է Աստծո և ուրիշների շահը, Աստված նրան կհատուցի և կօրհնի:

Թող քեզ համար սկզբունք լինի՝ «Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք» (Հռոմ.12:15):

Դավիթը իր շահի համար սպանել տվեց իր հավատարիմ զինվորին՝ Ուրիային (2 Թագ. 11:17): Երբ մարդ մտածում է միայն իր շահի մասին, նրա ուղեղը մթագնում է և մարդ սխալներ է գործում: Բայց եթե փնտրես ուրիշի շահը և եթե փնտրես Տիրոջ շահը, Տերն էլ կփնտրի քո շահը, կմտնի քո վիճակի մեջ ու կօրհնի քեզ: Հիսուսն Իր շահը չփնտրեց: Նա կատարեց Հոր կամքը և զոհվեց հանուն ուրիշների:

Քո մեծագույն օգուտը ուրիշի շահը փնտրելն է: Մի՛ մտիր ուրիշի կյանքի մեջ, այլ փորձիր հասկանալ նրա վիճակը՝ նրա շահը փնտրելու նպատակով:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ