Օրհնության աղբյուրները
Բոլորն էլ սիրում են օրհնություններ: Օրհնությունն անհրաժեշտ է բոլորին:
Տարիների ու դարերի ընթացքում փոխվում են մարդու մտածելակերպն ու մոտեցումները: Նախկինում մարդիկ գիտակցում էին, որ առանց ծնողների օրհնության ոչ մի գործ չի հաջողվի: Բայց վերջին ժամանակներում այդ գիտակցությունը սպանեցին: Մարդկանց համար օրհնությունը կորցրեց իր իմաստը և դարձավ զուտ ձևական երևույթ: Բայց առանց օրհնության չի կարող լինել երջանկություն:
Օրհնության
աղբյուրները երեքն են.
1. Աստված:
2. Ծնողները:
3. Քահանան:
Երբ
ծնողները կամ քահանան չեն օրհնում, Աստված նույնպես չի օրհնում: Օրհնություն ստանալու
համար անհրաժեշտ է խոնարհություն: Խոնարհ եղիր ծնողներիդ առաջ, և կստանաս նրանց օրհնությունը:
Խոնարհ եղիր եկեղեցում, և կստանաս եկեղեցու ու հովվիդ օրհնությունը:
Երբ Ադամը հնազանդ էր Աստծուն, Նրա օրհնությունը գործում էր: Բայց երբ դադարեց հնազանդ
լինել, օրհնությունը գնաց:
«Անէծք սիրեց եւ նա կհասնէ նորան. Եւ օրհնութիւն չկամեցաւ, եւ նա հեռու կլինի նորանից։ Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. Եւ նա ջրի պէս կմտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ»: Սաղմ.109:17-18
Եթե մարդը օրհնություն չի կամենում, օրհնությունը չի գալիս: Իսկ երբ օրհնություն չկա, սատանան անեծք է բերում:
Իսահակը ծերացել էր: Նա իր մոտ կանչեց ավագ որդուն՝ Եսավին, ու ասաց.
«Եւ հիմա առ դու քո գործիքը՝ քո կապարճը եւ քո աղեղը, եւ դուրս եկ գնա դաշտը, եւ ինձ համար մի որս որսա. Եւ ինձ համար խորտիկներ շինիր ինչպէս որ ես սիրում եմ, եւ բեր ինձ մօտ որ ուտեմ, եւ նորա համար օրհնէ քեզ իմ հոգին ես տակաւին չմեռած»: Ծն.27:3-4:
Հոր օրհնությունը կարևոր է: Բայց օրհնություն ստանալու համար պիտի հաճեցնես հորդ, որ քեզ սրտանց օրհնի: Պիտի հաճեցնես քահանային, հաճեցնես Աստծուն, որպեսզի օրհնությունը բխի սրտից:
Հակոբին անհրաժեշտ էր հոր օրհնությունը: Նա արեց այն ամենը, ինչ պատվիրել էր հայրը Եսավին: Նա խաբեությամբ ստացավ այդ օրհնությունը: Բայց քանի որ Հակոբը ողջ էությամբ ձգտում էր օրհնության, Աստված նույնիսկ հաշվի չառավ խաբեությունը և օրհնեց Հակոբին ու իր սերունդը:
Ցանկացած ծնող ուզում է, որ իր զավակն օրհնված լինի: Ցանկացած ծնող ուզում է նաև, որ իր զավակն իրեն հարգի: Քանի դեռ ծնողդ կողքիդ է, նրա իրավունքն ավելի բարձր դասիր քո իրավունքից: Սողոմոնը հարգում էր հորը, ընկերություն էր անում նրա հետ: Աբիսողոմն, ընդհակառակը, ուզում էր ժառանգել թագավորությունն առանց հոր օրհնության: Սողոմոնը ստացավ և՛ հոր, և՛ քահանայի, և՛ Աստծո օրհնությունը ու փառավոր կերպով թագավորեց իր երկրում:
Այն, ինչ քո կյանքում կարող է անել օրհնությունը, դու չես կարող անել քո ուժերով:
Տ. Թադևոսյանի 10.02.2019թ. կիրակնօրյա քարոզից: