Օրհնություն Նոր Ուխտի միջոցով
Հոկտեմբերի 26-ին «Նոր սերունդ» եկեղեցում ավետարանչության օր էր: Հովիվ Տիգրան Թադևոսյանն իր խոսքը նվիրել էր Նոր Ուխտի միջոցով ստացվող օրհնություններին:
Հին Ուխտը Աստված տվեց Մովսեսին պատվիրանների տեսքով: Աստված դրանք գրեց քարե տախտակների վրա: Հին Ուխտի առանձնահատկությունն այն էր, որ մարդ պետք է դրանք պահեր սեփական կամքով, սեփական ջանքերով: Իսկ դա դժվար էր, շատ դեպքերում՝ անհնար: Ու մարդիկ չմնացին այդ ուխտի մեջ, Աստված էլ «անփույթ եղավ» նրանց հանդեպ (Եբր. 8:9):Սակայն Աստված կնքեց Նոր Ուխտ, նոր «պայմանագիր»: Նոր Ուխտը Աստված գրեց ոչ թե քարե տախտակների վրա, այլ մարդկանց սրտերում և մտքերում.
«Ես կ’տամ իմ օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կ’գրեմ նորանք. Եւ նորանց կ’լինիմ Աստուած, եւ նորանք կ’լինին ինձ ժողովուրդ։ Եւ նորանց ամեն մէկը չի սովորեցնիլ իր ընկերին, եւ ոչ էլ ամեն մէկն իր եղբօրը եւ ասիլ, Ճանաչիր Տիրոջը. Որովհետեւ ամենն էլ կ’ճանաչեն ինձ նորանց փոքրներիցը մինչեւ մեծը»։ Եբր. 8:10-11:
Աստծո օրենքը մարդկանց սրտի վրա գրվում է միայն այն դեպքում, երբ սիրտը մաքուր է, երբ այն ազատ է մեղքից: Իսկ մեղքն իր վրա է վերցրել Հիսուսը և գամել է խաչափայտին: Այսինքն՝ Նոր ուխտը գրվել է Հիսուսի արյամբ:
Մեզնից պահանջվում է միայն ընդունել այդ փաստը, հավատալ, որ Հիսուսը խաչ բարձրացավ ու մեռավ մեր փոխարեն, ընդունել Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ: Դրանով մենք մեր սրտում հավանություն ենք տալիս Աստծո Նոր Ուխտին ու արդյունքում ստանում ենք Աստծո անսպառ օրհնությունները:
Քարոզի ավարտին դահլիճում գտնվող այն անձինք, ովքեր դեռ չէին ընդունել Հիսուսին, առաջ եկան և ապաշխարության աղոթքով Նրան ընդունեցին որպես Տեր և Փրկիչ:
Սեփական լրատվություն