Ո՞ւմ պատկերն ես դու հավաքում

Ո՞ւմ պատկերն ես դու հավաքում

Ապրիլի 9-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոսը Մարինե Կարապետյանն էր:

Այնքա՜ն բան ունենք սովորելու Հիսուսի ծառայություններից: Նա կարողանում էր խորը և բարդ հոգևոր ճշմարտությունները ներկայացնել պարզ ու մատչելի ձևով:

Ո՞մ հայտնի չէ Puzzle (խճանկար) խաղը, որի ժամանակ ընդհանուր պատկերը հավաքում են մանր կտորներից: Երբ puzzle-ը հավաքված է, տեսնում ենք հստակ ու ընկալելի պատկերը: Բայց երբ կտորները խառնված են, ամեն ինչ շատ բարդ ու անհասկանալի է թվում:

Մեր հոգևոր կյանքը հաճախ նման է քանդած խճանկարի: Հոգևոր մի սկզբունքից անցնում ենք մեկ այլ սկզբունքի, ու ոչինչ չի ստացվում: Հասկանում ենք մի բան, դա դարձնում ենք կարևոր ու անտեսում ենք մնացածը: Կրկին ոչինչ չի ստացվում:

Հանկարծ հասկանում ենք, որ անեծք կա մեր կյանքում: Աղոթում ենք, քանդում ենք անեծքը ու… կրկին ոչինչ չի ստացվում:

Հրապուրվում ենք puzzle-ի գեղեցիկ, պայծառ կտորներով: Բայց պատկերը չի ամբողջանում: Թվում է, թե ամեն բան գիտենք, էլ սովորելու ոչինչ չկա, բայց կրկին ոչինչ չի ստացվում:

Puzzle-ը հավաքելու համար հարկավոր է աչքի առաջ ունենալ գլխավոր պատկերը: Պետք ամեն բան պարզեցնենք այնքան, որ ամեն բան դառնա ընկալելի: Ո՞րն է գլխավոր պատկերը, ո՞րն է նպատակը, ինչի՞ն ենք մենք ձգտում:

«Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին»: 2Կոր4:5:

Ուրեմն գլխավորը Հիսուս Քրիստոսի պատկերն է: Աստվածաշունչը հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի մեզ տա Հիսուսի պատկերը: Ու մենք հասկանում ենք, որ մեր կյանքի նպատակը Հիսուսին նմանվելն է: Պետք է մտածենք, թե ի՞նչ կաներ Հիսուսը մեր փոխարեն, ի՞նչ կասեր, ինչպես կվարվեր:

Իսկ եթե կորցնում ենք Հիսուսի պատկերը, կորցնում ենք կառուցելու հնարավորությունը: Սկսում ենք կտրտել puzzle-ի կտորների եզրերը, հարմարեցնում ենք իրար ու ստանում ենք մի գեղեցիկ, բայց անհասկանալի պատկեր:

Հիսուսին նմանվելու համար պետք է ճանաչենք Նրան: Ճանաչել Նրան հնարավոր է միայն Սուրբ Հոգու միջոցով.

«Որովհետեւ Աստուած, որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը»։ 2Կոր.4:6:

Աստված մեզ տվել է Հիսուսին ճանաչելու հնարավորությունը: Դրա համար պետք է հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ: Պետք է վերադառնալ դեպի սկիզբը՝ դեպի խաչը ու հարցնել ինքներս մեզ՝ հանուն ինչի՞ չարչարվեց ու մահացավ Հիսուսը:

Մի՛ շտապեք պատասխանել՝ որպեսզի ես հավիտենական կյանք ունենամ: Իհարկե Նրա նպատակը դա էր: Բայց հավիտենական կյանք ունենալու համար պետք է հաղորդակցություն ունենաս Նրա հետ, հարաբերվես, շփվես, ճանաչես Նրան ու նմանվես Նրան:

Շփվի՛ր Նրա հետ ամեն օր, հաղորդակցվիր ամեն օր: Ու մի օր խճանկարի կտորների մեջ կտեսնես Նրա աչքերը: Կշարունակես հավաքել պատկերը ու հանկարծ կլսես Նրա սրտի զարկերը: Քո կյանում կբացվի շնորհքը, սերն ու ողորմությունը: Դու կսկսես տեսնել Նրա աչքերով ու ապրել Նրա սրտով: Կհասկանաս, որ հիմա ամեն բան ստացվում է, ամեն բան հաջողվում է: Նրա օրհնությունները ուղղակի կներխուժեն քո կյանքի մեջ:

Ու պատկերը կամբողջանա…

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ