Փառքի մթնոլորտ

Փառքի մթնոլորտ

Մայիսի 28-ին «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ մի գեղեցիկ իրադարձություն. Եկեղեցին օրհնեց Արամի և Լուսինեյի ամուսնությունը: Եկեղեցու բոլոր հավատացյալներն անկեղծորեն ուրախ էին այս ամուսնության համար:

AramLusine.jpg

Կիրակնօրյա պատգամով եկեղեցուն դիմեց հովիվ Տիգրան Թադևոսյանը:

Սուրբերն այն մարդիկ են, ովքեր առանձնացել են աշխարհից Աստծուն փառաբանելու համար:

Աստված ուզում է առանձնացնել մարդկանց և ներքաշել Իր՝ Աստվածային մթնոլորտի մեջ, որտեղ կա ուրախություն և հաղթություն: Սատանան նույնպես ուզում է մարդկանց ներքաշել իր՝ սատանայական մթնոլորտի մեջ, որպեսզի մարդիկ հեռանան Աստծուց և չերկրպագեն Նրան:

Դավթի կյանքը լի էր փորձություններով ու նեղություններով: Բայց Դավիթը ճանաչում էր Աստծուն և փառաբանում էր Նրան անգամ իր նեղությունների ժամանակ:

Դավիթը անհաջող ամուսնացել էր: Իր աները՝ Սավուղ թագավորը, ուզում էր սպանել Դավթին: Այս երևույթին հոգևոր աչքերով նայելիս կտեսնենք, որ ոչ թե Սավուղն էր ուզում սպանել, այլ նրա մեջ բնակվող դևերը: Երբ Դավիթը նվագում էր ու դրանով երկրպագում էր Աստծուն, այդ դևերը փախչում էին և Սավուղը հանգստանում էր: Դավիթը ստեղծում էր երկրպագության մթնոլորտ, իսկ դևերը տանել չեն կարողանում այդ մթնոլորտը:

Դավիթը երկրպագում ու փառաբանում էր Աստծուն անգամ այն ժամանակ, երբ Սավուղն ուզում էր սպանել իրեն.

«Բայց ես կօրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կփառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։ Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կերգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ իմ ողորմութեան Աստուածը»: Սաղմ.59:16-17:

Նեղության մեջ սատանան ջանում է սխալ մտքեր տալ, և մարդը կարող է սխալներ գործել: Դավիթը գիտեր դա, այդ պատճառով նա փառաբանում էր Աստծուն, որպեսզի ստեղծի փառքի մթնոլորտ և սատանան չկարողանան իր վրա ներգործել:

Իսկ Աստված, ընդհակառակը, բարի մտքեր է տալիս նրանց, ովքեր լսում ու կատարում են Իր Խոսքը: Բայց դրա համար պետք է մնաս երկրպագության մթնոլորտի մեջ: Երկրպագությունն ավելի կարևոր է, քան նույնիսկ քարոզը: Երկրպագության մեջ հաղթություն կա: Երբ Դավիթը ապաստանել էր Սամուել մարգարեի մոտ, Սավուղը երեք անգամ մարդ ուղարկեց, որ նրան սպանեն: Բայց «երբոր նորանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովքը՝ եւ նորանց վերակացու Սամուէլին կանգնած, Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք էլ մարգարէութիւն արին»: (1 Թագ.19:18-20):

Անգամ ինքը՝ Սավուղը, սկսեց մարգարեություն անել, երբ տեսավ Աստծոն երկրպագող ու փառաբանող մարգարեներին: Սամուելը և մյուս մարգարեները Փառքի մթնոլորտ էին ստեղծել, և դևերը ի զորու չէին հաղթահարել այդ մթնոլորտը և վնաս տալ երկրպագողներին:

Ճիշտ մթնոլորտը հաղթություններ է բերում, սխալ մթնոլորտը՝ պարտություններ: Եթե բարկացած ես՝ երկրպագի՛ր Տիրոջը, և քո բարկությունը կանցնի:

Ստեղծիր քո կյանքում փառքի մթնոլորտ, և քո թշնամիները չեն կարողանա վնասել քեզ: Փառքի մթնոլորտը քեզ կտանի փառավոր տեղեր, իսկ տրտնջալու և դժգոհության մթնոլորտը՝ տրտնջալու վայրեր:

Դու կարող ես վստահորեն ասել, որ հոգևոր մարդ ես, եթե սովորես դժվարության պահին գոհանալ Աստծուց ու երկրպագել նրան:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ