Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ

Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ

Մարտի 23-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հյուրն էր Երուսաղեմում ծառայող ավագ հովիվ Օրեն Լև Արին:

Դահլիճը լեփ-լեցուն էր: Հյուրի այցելության կապակցությամբ եկեղեցու փառաբանության խումբը հանդես եկավ փոքրիկ համերգով: Հնչում էին հայերեն, անգլերեն, եբրայերեն երգեր, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլորը փառաբանում էին Աստծուն:

%D4%B4%D5%A1%D5%B0%D5%AC%D5%AB%D5%B3.jpg

Ներկայացնելով հյուրին, եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն ասաց. «Ընկերություն կա, որ մարդուց է, ընկերություն կա, որ Աստծուց է: Օրենի հետ մեր հանդիպման առաջին իսկ պահից ստեղծվեցին ջերմ հարաբերություններ: Մեր ընկերությունն Աստծուց է»:

- Որքան լավ է, որ եկեղեցում չկա նացիոնալիզմ, այլ կա սեր,- իր քարոզն այսպես սկսեց հովիվ Օրենը: - Փառք Աստծո, որ ամբողջ աշխարհում կան այդպիսի մարդիկ, ում համար առաջնայինը սերն է:

Որպես իր քարոզի հիմք հովիվը վերցրել էր Ելից գրքի երկրորդ գլխում նկարագրված դեպքերը, զուգահեռներ տանելով դրանց և քրիստոնեության միջև.

«Եւ երբ այլ եւս չկարողացաւ թաքցնել նորան, մի պրտուի տապանակ առաւ նորա համար, եւ կուպրով ու ձիւթով ծեփեց, եւ տղան նորա մէջ դրաւ, եւ դրաւ գետի եզերքում եղած շամբի մէջ»։ Ել.2:3:

Աստծո Խոսքն էլ այդպես է, այն հնարավոր չէ թաքցնել և պետք է տրվի մարդկանց:

«Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կը պատահէ նորան»: Ել.2:4:

Քույրն ուներ մարգարեական հոգի: Նա պետք է իմանար, թե ինչ է տեղի ունենալու: Եկեղեցին նույնպես պետք է ունենա մարգարեական հոգի, պետք է վերադարձնի այդ հոգին: Այն պետք է թափանցի եկեղեցու գործունեության բոլոր ոլորտները:

Փարավոնի աղջիկը տեսավ Մովսեսին: Նա երեխա էր, փոքր էր, բայց նրան տեսան: Ճշմարիտ քրիստոնյաները գուցե նույնպես քիչ են, բայց նրանց կտեսնեն ու կլսեն:

Երբ Մովսեսը մեծացավ և ընկերոջը ծեծելու համար հանդիմանեց  մի եբրայեցու (Ել.2:13), նա հարցրեց՝ «Ո՞վ քեզ մեր վերայ իշխան կամ դատաւոր դրաւ»: Ել 2:14:

Սա մարգարեական հարց էր՝ Մովսեսին Աստված դատավոր և առաջնորդ նշանակեց:

Հետագայում, երբ հովիվները հալածեցին Մադիամի քուրմի յոթ աղջիկներին, Մովսեսը պաշտպանեց նրանց: Հրեական ավանդույթն ասում է, որ Մադիամի քուրմի աղջիկները հրաժարվել էին կռապաշտությունից և մարգարեական հոգի էին ձեռք բերել: Այսօր նույնն է կատարվում. երբ մարդիկ հրաժարվում են կռապաշտությունից և դառնում են դեպի Կենդանի Աստվածը, աշխարհը հալածում է նրանց ու աշխատում ետ դարձնել դեպի կռապաշտություն: Բայց Աստված մեր կողքին է և կպաշտպանի մեզ ամեն փորձության ժամանակ: Դա կախված չէ մեր ազգությունից, սոցիալական վիճակից, սեռից: Աստված ցանկանում է օրհնել քեզ անկախ ամեն ինչից: Աստված հուսահատ ու թևաթափ մարդկանց ասում է՝ Ես կբարձրացնեմ քեզ, օրհնելով կօրհնեմ, կքանդեմ մերժվածության պատերը:

Կա մի վայր, որտեղ կարելի է տեսնել Աստծուն: Ով գնա այդ վայրը նա կարող է գտնել Աստծուն: Այդ վայրը Ուխտն է:

Ռագուելի աղջիկները Մովսեսի մասին ասացին՝ մի եգիպտացի…: Մովսեսն արտաքուստ նման էր եգիպտացու, բայց ներսում նա հրեա էր: Քրիստոսը արտաքուստ նման է հրեայի, բայց ներքուստ Նա Աստծո Որդին է:

Աշխարհն ուզում է վերացնել Իսրայելը, որովհետև Քրիստոսը ծնվեց Իսրայելում և գալու է նույնպես Իսրայել: Եկեղեցին պետք է բարձրացնի հրեական հարցը, որովհետև եկեղեցին և Իսրայելը կապված են՝ Իսրայելն ու եկեղեցին Աստծո ժողովուրդն են:

Աստված հրեաների հետ ուխտ է արել՝ «Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ»: Ծնն.12:3:

Աստված հատուկ բան է պատրաստել Իր ժողովրդի համար, մեր քաղաքի, մեր երկրի ու մեր եկեղեցու համար: Դրա համար պետք է ծառայենք տիրոջը, պետք է խորացնենք մեր գիտելիքները, աշխատենք, առաջ գնանք, բարձրացնենք հրեական հարցը, և Աստված կօրհնի մեր հացն ու մեր ջուրը:

Apashx.jpg

Ծառայության վերջում Իսրայելցի հյուրը աղոթեց հիվանդների համար: Աստծո զորությամբ  բազմաթիվ հիվանդներ բժշկվեցին, իսկ երեսունից ավել անձինք Հիսուսին ընդունեցին որպես Տեր և Փրկիչ:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ