Քո կարիքը և Աստծո գութը

Քո կարիքը և Աստծո գութը
«Նոր սերունդ» եկեղեցում հոկտեմբերի 19-ը օրհնված օր էր:
Եկեղեցու երիտասարդական առաջնորդ Գոռ Կարապետյանը պատմեց նախօրեին կայացած «Ավետարանը փոխում է» շարժման 7-րդ միջազգային ավետարանչության մասին: «Նոր սերունդ» եկեղեցին այս միջոցառմանը մասնակցում էր երկրորդ անգամ: Այս անգամվա առանձնահատկությունն այն էր, որ Հայաստան էին ժամանել շարժման արտասահմանյան հրահանգիչները, որոնց թրեյնինգների շնորհիվ «Նոր սերունդ» եկեղեցու ավետարանչական թիմը մեր հայրենակիցներին էր ներկայացել թատերականացված թարմ և հուզիչ բեմականացումով:
Այնուհետև բեմ բարձրացան եկեղեցու հյուրերը, «Ավետարանը փոխում է շարժման հրահանգիչներ Մարտին Սուարեզը (Վենեսուելա) և Լիզդեյ Մառանիլոն (Իսպանիա):
Suares.JPG
«Երեկ շատ բաների վերջն եկավ և շատ բաներ էլ սկսվեցին Հայաստանում»,- գնահատելով երեկվա ավետարանչությունը հայտարարեց Մարտին Սուարեզը: «Հայաստանը մեծ արթնության շեմին է»,- համոզված է նա:
Եկեղեցու երիտասարդական ավետարանչական թիմը ներկայացրեց այն փոքրիկ ներկայացումը, որը նախօրեին ներկայացրել էին Երևանի հրապարակներում և արդյունքում մեր մոտ երեսուն համաքաղաքացիներ ընդունել էին Հիսուսին:
Ներկայացումն իսկապես հուզիչ էր, ներկաներից շատերը չէին կարողանում զսպել արցունքները:
Կիրակնօրյա պատգամով նույնպես հանդես եկավ Գոռ Կարապետյանը:
Gor19.10.2014.jpg
«Աստված ինչ-որ վերացական ուժ կամ հասկացություն չէ: Նա մեր Հայրն է: Սա խոսում է Աստծո հետ մեր անձնական հարաբերությունների մասին: Սա խոսում է այն մասին, որ Աստված անձնապես տեսնում ու գթում է մեզնից յուրաքանչյուրին:
Աստվածաշնչում բազում դեպքեր են նկարագրված, երբ Աստված գութ է զգում Իր զավակների նկատմամբ: Աստվածաշնչում նկարագրված գութը անհրաժեշտորեն դրդում է արձագանքի, գործողությունների, քայլերի: Աստված անում է այդ քայլերը, Աստված լրացնում է քո կարիքները, լուծում է քո խնդիրները:
Որովհետև Աստված գթությունների Հայրն է (2 Կոր.1:3):
Նա գթում և օգնում է մեզ, երբ մենք ցրված ենք լինում հովիվ չունեցող հոտի նման (Մատթ. 9:36), երբ գտնվում ենք վշտի ու կարիքի մեջ (Ղուկ. 7:13), երբ հիվանդ ենք (Մատթ.14:14): 
Հիսուսը գթում ու բժշկում է մեզ անգամ այն դեպքում, երբ ամբոխը փորձում է լռեցնել մեզ (Մատթ.20:30-34):
Ուրեմն հստակ ձևակերպիր քո կարիքը և աղաղակիր Աստծուն: Եթե կփորձեն քեզ խանգարել՝ ավելի բարձր աղաղակիր: Հիսուսը կգթա քեզ և իր օգնությունը չի ուշանա»:
Այսպիսին է Գոռ Կարապետյանի կիրակնօրյա պատգամի համառոտ բովանդակությունը:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ