Սրտի կանչը

Սրտի կանչը

Հիսուսը, իմանալով, որ շուտով մեռնելու է, այնուհանդերձ մինչև վերջին րոպեները կատարում էր Իր գործը՝ փրկում էր մարդկանց:

Երիքովում, Երուսաղեմ գնալուց առաջ, որտեղ Նրան պիտի խաչը բարձրացնեին, Նա նույնպես մարդկանց դեպի փրկություն էր տանում:

Զակքեոսը, որ մաքսապետ էր և հարուստ, ուզում էր տեսնել Հիսուսին.

«Եւ ուզում էր Յիսուսին տեսնել թէ ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. Որովհետեւ հասակով կարճ էր։ Եւ առաջ վազեց՝ վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ Նորան»: Ղուկ.19:3-4:

Զակքեոսը իր ժողովրդին հալածելով հարկ էր հավաքում հռոմեացի հեթանոսների համար: Ավելին՝ նա մաքսավորների պետն էր: Նա դաժան մարդ էր: Բայց նա ուզում էր տեսնել Հիսուսին և, մի կողմ թողած իր դիրքն ու հպարտությունը, բարձրացավ ծառը, որպեսզի տեսնի Աստծու Որդուն:

Զակքեոս անունը եբրայերեն նշանակում է մաքուր: Չնայած նրա գործերը մաքուր չէին, բայց Հիսուսը հաշվի առավ նրա անունը, հաշվի առավ նրա սիրտը: Իսկ սիրտը մաքուր էր: Աստված չի նայում գործերին, Աստված նայում է սրտին:

Գուցե մեր անունը, մեզանից սպասվածը, մեր կոչումը չեն համապատասխանում մեր այսօրվա վիճակին, բայց Աստված մեզ մաքուր է տեսնում: Աստված չի սահմանել մեզ ստի, հանցանքի, անբարիշտության համար: Նա մեզ սահմանել է արդարության համար և ուզում է փրկել մեզ:

Զակքեոսը իմացավ, որ գալու է Հիսուսը, և նրա սրտում մի կանչ առաջացավ: Նա լսեց իր սրտի կանչը և երեխայի պես բարձրացավ ծառը: Զակքեոսի հավատին հաջորդեց գործողությունը, նա քայլ արեց դեպի Հիսուսը: Հիսուսը հենց դա նկատեց և գնահատեց:

Զակքեոսի սիրտը մաքուր էր, բայց միայն սրտի դիրքը բավարար չէր փրկության համար: Անհրաժեշտ էր քայլ, գործողություն: Զակքեոսը զղջաց, ապաշխարեց և որոշեց հատուցել քառապատիկ չափով նրանց, ում զրկել էր զրպարտությամբ: Զակքեոսը հավատաց և գործեց:

Աբրահամի մասին նույնպես գրված է. «Նա հաւատաց Եհովային, եւ Նա նորա համար արդարութիւն համարեց այս»: Ծն.15:1-6:

Սրանից առաջ Աստված Աբրահամի հետ խոսեց ժառանգության մասին: Աստված խոստացավ Աբրահամին սերունդներ, ազգ ու ազգեր տալ: Աստված Աբրահամի հետ խոսեց երկրային ժառանգության մասին և Աբրահամը հավատաց Աստծուն: Հիսուսը Զակքեոսի հետ խոսեց երկնային ժառանգության մասին և Զակքեոսը հավատաց Հիսուսին: Սա էր պատճառը, որ Հիսուսն ասաց՝ «Սա էլ Աբրահամի որդի է»: Ղուկ:15:9:

Եթե զգում ես, որ սրտիդ մեջ կանչ է հնչում, լսիր այդ կանչը և ծունկի իջիր Աստծո առաջ: Մի՛ նայիր շրջապատիդ ու դիրքիդ, մի կողմ թող հպարտությունդ և ծունկի իջիր: Հիսուսը սիրում էր Զակքեոսին և այդ սերը նրան տարավ ապաշխարության: Աստված մեզ կանչել է, որ սիրենք մարդկանց:

Հիսուսի անսահման աստվածային սերը սփռված է քո սրտում: Մի՛ փակիր քո սիրո ճանապարհները, լսի՛ր քո սրտի կանչը: Սիրի՛ր մարդկանց Հիսուսի նման:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ