Ճիշտ ճամփան՝ Տիրոջ լույսի մեջ
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես 14:6):
Գալիս է պարագա, երբ մենք հայտնվում ենք մութ տեղում: Այդ վիճակը մղձավանջային է և այդ պարագայում մեզ հարկավոր է լույս, որ կարողանանք ամեն բան իր տեղում դասավորել:
Հաճախ շատ բաներ կան, որ մենք չենք տեսնում մեր ֆիզիկական աչքերով, մեզ հարկավոր է հոգևոր աչքեր` իրական բաներ տեսնելու համար:
Մեզ հարկավոր են հոգևոր աչքեր, այլապես մենք չենք կարող տեսնել, թե Աստված ինչ է պատրատում մեզ համար, ինչից է ուզում ազատել մեզ և ուր է ուզում մեզ տանել: Ինչպես Իսրայելի ժողովրդին Աստված հանեց Եգիպտոսից և երբ նրանց կանգնեցրեց Կարմիր ծովի առջև նրանք հայտնվեցին փակուղու մեջ, նրանց հարկավոր էր հոգևոր աչքեր, որպեսզի հասկանային, որ այդ ուղին Աստված է պատրաստել իրենց համար:
Երբ մենք հայտնվում ենք փակուղու մեջ, այդ ժամանակ է, որ փնտրում ենք ելք դուրս գալու համար: Այդ դժվարություններում մեզ հարկավոր է հույս, և երբ սկսում ենք փնտրել ճանապարհ, Աստված ցույց է տալիս ճիշտ ուղղությունը: Մարդիկ տարբեր ճանապարհներ են առաջարկում, բայց իրական ճանապարհը մեկն է, որը տանում է փրկության, Ով էլ Քրիստոսն է:
Երբեք մի ապավինիր քո հասկացողությանը: Սուրբ հոգին ուզում է սովորեցնել քեզ, որ փակուղու մեջ միայն Աստված կարող է ազատել քեզ: Նա հույսի Աստված է և ցույց կտա քեզ լույսի ճանապարհը: Քրիստոսի լույսը մեզ հաղթանակ է բերում
Մովսես Առաքելյան
Աղբյուր՝ Protestant.am