Ճշմարտությունն ու ողորմությունն իրար կհանդիպեն

Ճշմարտությունն ու ողորմությունն իրար կհանդիպեն
«Թող լսեմ թէ ինչ կխօսի Տէր Աստուածը, Նա խաղաղութիւն կխօսի Իր ժողովրդի եւ Իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ»: (Սաղմ.85:8):

Որպեսզի մարդ դուրս գա հիմարությունից և այլևս ետ չգնա դեպի հիմարությունը, նա պետք է մտնի իմաստության մեջ: Ամենից իմաստունը Տերն է և Նրա Խոսքը: Հիմարը, անմիտը նա է, ով չի փնտրում կյանքի իմաստը: Մենք նույնպես մի ժամանակ անմիտներ էինք: Բայց երբ թույլ ենք տալիս, որ Աստված խոսի մեզ հետ, թողնում ենք հիմարությունը և իմաստության միջոցով ստանում ենք խաղաղություն:

«Իրաւի, որ Նորա փրկութիւնը մօտիկ է Նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը»։ (Սաղմ.85:9):

Եթե երկրի իշխանությունները լսեն Տիրոջ ձայնը, ամեն բան կփոխվի այդ երկրում: Երկիրը կզորանա, եթե նրա բնակիչներն ունեն Աստծո վախը:

«Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն»: (Սաղմ.85:10):

Ողորմությունն այն է, որ քեզ չի պատկանում, բայց Աստված տվել է քեզ որպես նվեր: Ինչո՞ւ է Աստված քեզ տալիս մի բան, որը դու չես վաստակել: Նա հույս ունի, որ դու կհասկանաս դա և կսկսես ապրել ըստ Նրա ճշմարտության: Եվ ինքը դրա համար քեզ կտա զորություն:

Սխալվում են այն հավատացյալները, ովքեր կարծում են, թե Աստված միշտ ողորմություն կտա: Աստծո ողորմության նպատակն այն է, որ դրան հաջորդի ճշմարտությունը: Եթե չես ուզում ապրել ճշմարտության մեջ, մի օր ողորմություններն էլ կդադարեն: Եվ մարդը կմնա մենակ՝ առանց ողորմության և առանց ճշմարտության:

«Կամ թէ Նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում»: (Հռոմ.2:4):

Ակնհայտ է, որ Աստծո քաղցրությունը, Աստծո ողորմությունը քեզ դեպի ապաշխարություն պիտի առաջնորդեն: Որպեսզի մեր կյանքում ողորմությունը հանդիպի ճշմարտությանը, մենք պետք է ապրենք Խոսքի համեմատ: Եվ այդ դեպքում ողորմությունն ու ճշմարտությունը կհանդիպեն ոչ թե մի անգամ, այլ մշտապես: Մենք մշտապես պետք է հրավիրենք ճշմարտությանը, որպեսզի ողորմությունը մենակ չմնա: Հակառակ դեպքում Աստծո համբերությունն էլ կսպառվի և ողորմությունը ետ կքաշվի: Իսկ երբ սկսենք հնազանդվել ճշմարտությանը, Սուրբ Հոգին կսկսի գործել մեր մեջ:

«Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք»: (1Պետ.1:22):

Նրանք, ովքեր ապրում են միայն ողորմությամբ, չեն կարող սրբվել Սուրբ Հոգու միջոցով, քանի դեռ չեն հնազանդվել ճշմարտությանը:

Մի՛ մնա ողորմության մեջ: Հրավիրի՛ր ճշմարտությանը քո կյանքի մեջ: Եվ հիշի՛ր՝ ճշմարտությունը ՀԻՍՈՒՍՆ է:


Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ