Տե՜ր, տո՛ւր ինձ այդ ջուրը

Տե՜ր, տո՛ւր ինձ այդ ջուրը

Կանայի հարսանիքում Հիսուսը կատարեց Իր առաջին հրաշքը (Հովհ.2:1-11): Գինին պակասություն արեց: Դա խայտառակություն էր փեսայի համար: Բայց Հիսուսը թույլ չտվեց դա: Նա պատվիրեց, որ ջուր լցնեն վեց կարասները:

«Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց, Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր»: Հովհ.2:9-10:

Վերակացուն ճաշակեց ոչ թե գինին, այլ գինի դարձած ջուրը: Քո կյանքում նույնպես կան բազմաթիվ հրաշքներ, որոնք դու չես նկատում: Հաճախ դու օգտագործում ես իրեր, որոնք նախկինում այլ բան են եղել. կաթը նախկինում եղել է խոտ, հացը հող և այլն: Բայց Աստծո հաստատած սկզբունքներով դրանք վեր են ածվել կաթի, հացի: Եթե դու տեսնես այդ ամենը որպես հրաշք, ապա կհասկանաս, որ Տերը գործում է նաև քո կյանքում:

Հիսուսը օգնեց փեսային իր կյանքի մի դրվագում: Սրանից հետո Հիսուսի ամբողջ կյանքը, ամեն մի խոսքը, ամեն մի գործը մի հրաշք էր: Հրաշք է, որ Հիսուսը ներկա է մեր կյանքում: Սակայն Հիսուսը չի ուզում փոխել քո կյանքի միայն մի դրվագը: Հիսուսը փոխում է քեզ ամբողջությամբ:

Կանայի հարսանիքի հրաշքից հետո տեղի ունեցավ սամարացի կնոջ հետ հանդիպումը ջրհորի մոտ (Հովհ.4:6-30): Կինը մեղքի մեջ էր: Ինքը գիտեր այդ մասին ու խուսափում էր մարդկանց հետ հանդիպելուց, որպեսզի չլսի ծաղր, մեղադրանքներ ու հանդիմանություններ: Նա ջրհոր եկավ օրվա այն ժամին, երբ ուրիշ ոչ ոք չէր գալիս ջուր տանելու: Բայց հանդիպեց Հիսուսին, Ով նրա հետ խոսեց կենդանի ջրի մասին: Հիսուսի նպատակը կնոջը կենդանի ջուր տալն էր:

Ո՞րն է կենդանի ջուրը: Դա նման է այն ջրին, որ Կանայի հարսանիքում լցրել էին կարասները, որը գինի էր դարձել:

Հիսուսը սամարացի կնոջը տվեց ջուր, որը նրա մեջ վերածվեց գինու: Եվ կինը դարձավ ավետարանիչ: Հիսուսը, լինելով հրեա, շրջանցեց մարդկանց կողմից ստեղծված արգելքները և խոսեց սամարացի կնոջ հետ:

Ջուրը գինի դարձնելու համար պիտի խոսես մարդկանց հետ, պիտի սիրես մարդկանց, հաշվի չառնես, թե ինչ կմտածեն այդ մասին ուրիշները: Գինին Սուրբ Հոգու խորհուրդն է: Հիսուսն ուզում է, որ իր տված ջուրը՝ Աստծո Խոսքը, մեր մեջ դառնա գինի, լցնի մեզ ու հարբեցնի մեզ Սուրբ Հոգով:

Ի՞նչն է պատճառը, որ որոշ մարդիկ չեն կարողանում ընկալել Աստծո խոսքը: Պատճառն այն է, որ նրանց մեջ ջուրը գինի չի դառնում, Աստծո Խոսքը Հոգով չի լցնում այդ մարդկանց: Սամարացի կնոջ մոտ Հիսուսի տված կենդանի ջուրը գինի դարձավ, նա մոռացավ իր կուժը, մոռացավ ամեն բան, գնաց իր համաքաղաքացիների մոտ և պատմեց Հիսուսի մասին: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա ուզում է, որ մենք ոչ միայն կարդանք Խոսքը, այլև վայելենք այն, հարբենք Աստծո կենադանի Խոսքից:

Մի՛ ամաչիր Ավետարանը քարոզելուց, մոռացիր քո անձը, հաշվի մի առ մարդկանց ստեղծած արգելքները և պատմիր Հիսուսի մասին:

Ինչ վիճակում էլ լինես, ինչ դժվարությունների միջով էլ անցնես, մի՛ հուսահատվիր, այլ հիշիր, որ քեզ պետք է Հիսուսն ու համարձակորեն ասա՝

«Տե՜ր, տո՛ւր ինձ այդ ջուրը::

Տ. Թադևոսյանի 16.09.2018թ. կիրակնօրյա քարոզից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ