Տիեզերագիտական փաստարկներ
Եթե Երկիր մոլորակի հեռավորությունն Արեգակից 5%-ով պակաս լիներ, ողջ ջուրը կգոլորշանար: Եթե լիներ 10%-ով ավելի հեռու, ջուրը սառույց կդառնար: Ուրեմն՝ 150 միլիոն կիլոմետրն այն ճիշտ հեռավորությունն է, որը հնարավոր է դարձնում երկիր մոլորակի ջրի՝ հեղուկ վիճակում հարատևելը: Մոլորակի ուղեծիրը պետք է լինի գրեթե շրջանաձև, որպեսզի այն պտտվի իր սեփական առանցքի շուրջը 24 ժամում: Եթե պտտվի ավելի արագ, ապա կառաջանան մեծ մրրիկներ և փոթորիկներ, որոնք կքանդեն կառույցները: Եթե պտտվի ավելի դանդաղ, մոլորակի մեկ երեսը կտաքանա 50 աստիճանից ավելի, իսկ մյուս երեսը կսառչի՝ ոչնչացնելով կենդանական աշխարհը:
Երկրի վրա մարմինների ազատ անկման արագացումը 9,8 մ/վ2 է: Եթե այն լիներ 10%-ով ավելի, մթնոլորտում կկուտակվեին ամոնիակ և մեթան, որոնք թունավոր գազեր են: Եթե 10% պակաս լիներ, ջրային գոլորշիները կվերանային երկրի մակերեսից:
Լուսինը միակ արբանյակն է մեր համակարգում, որի զանգվածը Երկրի 1/3-ն է կազմում: Այս մեծ զանգվածն ապահովում է Երկիր մոլորակի պտտման առանցքի 23 աստիճան թեքությունը և, հետևաբար, տարվա չորս եղանակների շարունակաբար միմյանց հաջորդելը՝ կայուն պահելով նրա օրական 24 ժամ պտտման հարատևությունը:
Երկրի և Յուպիտերի միջև կան մեկ միլիմետրից մինչև 100կմ մեծության բազմահազար աստղաքարեր՝ աստերոիդներ: Զարմանալիորեն, Յուպիտերի վիթխարի զանգվածը և նրա հեռավորությունը Երկրից այնքան ճշգրիտ են նախանշված, որ Յուպիտերն իր հսկա ձգողական ուժով կլանում է այս վտանգավոր աստղաքարերը և նվազեցնում նրանց ամեհի հոսքը դեպի Երկիր: Հավանականությունը, որ այս 90-ից ավելի ճշգրիտ զուգադիպումները լոկ պատահական բնույթ կկրեն ու պատահաբար առաջացած կլինեն, հավասար է մեկ և 40 զրոներով բաժանելուն՝ 1/1040, որը գործնականում հավասար է զրոյի, այսինքն՝ անհավանական է: Այլ կերպ ասած, ավելի մեծ հավատ է պետք՝ պնդելու համար, որ Երկիր մոլորակը և նրա կենդանական աշխարհը պատահաբար են առաջացել, քան թե ասելու, որ կա ծրագրավորում և մի մեծ Արարիչ նրա ետևում:
«Մարդկային ուղեղում ստեղծված թվաբանական տեսության համադրումը բնության մեջ հայտնաբերված օրենքների հետ այնպես է զուգորդվում, որ կարծես այն աստվածային մի պարգև է մեզ տրված, որին ո՛չ արժանի ենք, ո՛չ էլ կարող ենք այն ըմբռնել»:
Ահա թե ինչ է ասում ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքը հայտնաբերողը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրեն աթեիստ համարող Սըր Ֆրանսիս Կրիկը. «Ծագումնաբանական հարցերը պրպտող ուղղամիտ անհատը պարտավոր է ասել, որ կյանքի ծագումը այսօր հնարավոր է բացատրել լոկ հրաշքով, ի տես այն բազմաթիվ պայմանների, որոնք հարկ է բավարարել, որպեսզի անկենդան մոլեկուլներից կենդանական բջիջ առաջանա»:
Ավելին ՝ մարդկային ԴՆԹ-ն բաղկացած է 3 միլիարդ զույգ հիմքերից, որոնք կազմվում են ինը միլիոն չորս տեսակ նուկլեոիդներից, և յուրաքանչյուր նուկլեոիդն ունի 40 ատոմների խումբ: Այս ԴՆԹ-ի կառույցը կոչվում է զույգ պարույր, որոնք իրար ագուցված են չորս նուկլեոիդների շղթաներով, և այս բոլորը համակցված է՝ չափած-ձևված: ԴՆԹ-ի վիթխարի տեղեկագրությունը համարժեք է 1.000 հատորանոց մի գրքի, որի յուրաքանչյուր հատորը բաղկացած է 500 էջից: Ահա բնորոշված մի բարդություն. ինչպե՞ս կարելի է այս հսկայական տեղեկագրության կառույցը վերագրել զուտ պատահարի:
Կենդանի բջիջը, որ հազար միլիարդ (տրիլիոն) անգամ ավելի փոքր է, քան Վիկինգ տիեզերանավը, մեր օրգանիզմի պարզ հիմնաքարն է: Մեր մարմինը բաղկացած է հազար միլիարդ բջիջներից, ուր յուրաքանչյուր բջիջ կարող է կատարել 40.000 գործողություն և ավելին՝ վերարտադրել իր կառույցը մի քանի ժամվա ընթացքում: Չնայած այս հրաշալի կառուցվածքին, կենսաբանները նրա գոյությունը վերագրում են անկախ, պատահական օրենքներից առաջացած համակարգի: Արդյոք ո՞րն է ավելի հավաստի. պատահա՞րը, թե՞ ծրագրավորումը:
Երբ անդրադառնում ենք վիթխարի գաղտնիքներով, օրենքներով, բարդ հարցերով լեցուն Տիեզերքին և մարդու զարմանահրաշ ուղեղին, անհնար է դառնում այս ամենի հետևում չտեսնել մի մեծ Միտք:
Գնել Դուրյան
Հ.Գ. «Սկզբում էր Բանը (հուն. լոգոս՝ խոսք, գաղափար, միտք) և Բանն Աստծո մոտ էր և Բանն Աստված էր: Նա սկզբում Աստծո մոտ էր: Ամեն ինչ Նրանով եղավ. և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ: Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր: Եվ Լույսը խավարում լույս է տալիս, և խավարը չճանաչեց Նրան»: (Հովհ. 1:1-5)