Տիրոջ ուրախությունը քո զորությունն է

Տիրոջ ուրախությունը քո զորությունն է

Տիրոջ ուրախությունը քո զորությունն է

Երբ մենք որոշում ենք կայացնում ծառայել Աստծուն, Աստված սկսում է աջակցել մեզ, հնարավորություններ է ստեղծում դրա համար: Աստված ուզում է, որ մենք հաղթող լինենք: Հաղթության ճանապարհները տարբեր են, բայց բոլոր դեպքերում հաղթության համար անհրաժեշտ է օծություն:

«Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին»: Եբր.1:9:

Ով ունի օծություն, նա ունի ամեն բան: Օծությունն Ինքը՝ Սուրբ Հոգին է: Եթե դու սիրես արդարությունն ու ատես անօրենությունը, Աստված կօծի քեզ ուրախության յուղով:

Մեզ՝ հայերիս, հաճախ դուր է գալիս տխուր լինելը: Բայց պետք է գիտակցել, որ տխրությունն օրհնություն չէ:

Աստծո օծությունը ուրախությունն է, որը տրվում է արդարությունը սիրողներին և անօրենությունը ատողներին:

Աստված ուզում է, որ մենք ուրախ լինենք: Ոմանք կարծում են, թե բազմաթիվ խնդիրներ ունենալով անհնար է ուրախ լինել: Սակայն ուրախ լինելը կապ չունի խնդիրների հետ: Ընդհակառակը՝ ուրախությունը սատանային փակուղի է մտցնում և օգնում է լուծել բոլոր խնդիրները:

Ուրախության մեջ զորություն կա: Ուրախության մեջ կա հաղթություն:

Ուրախությունը իրավիճակ չէ, ուրախությունը քո ընտրությունն է: Տխրության ետևում դևերն են կանգնած: Տխրությունը նույնպես քո ընտրությունն է: Դու միշտ կարող ես անջատել տրտմության անջատիչը:

Երբ Իսրայելի ժողովուրդը լսեց և հասկացավ օրենքի խոսքերը, սկսեց լացել և սուգ անել: Բայց առաջնորդներն ու ղևտացիները նրանց ասացին.

«Գնացէք՝ պարարտ բաներ կերէք եւ անոյշ բաներ խմեցէք, եւ բաժիններ ուղարկեցէք պատրաստութիւն չունեցողին. Որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. Եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է։ Եւ Ղեւտացիք լռեցրին բոլոր ժողովրդին՝ ասելով. Լռեցէք, որովհետեւ այս օրը սուրբ է, եւ մի տրտմիք»: Նեեմ.8:10-11:

Սատանան ամեն բան անում է, որպեսզի մարդու ուրախությունը կախված լինի նյութական բաներից: Եթե դու քո սիրտը դնում ես նյութական արժեքների մեջ, ապա մի օր կանցնի այդ նյութականը և կավարտվի քո ուրախությունը: Կապի՛ր քո ուրախությունը Տիրոջ հետ, ուրախացի՛ր Նրանով, ուրախացի՛ր, որ դու փրկություն ունես, որ դու Երկնքում տուն ունես: Աստծո տունը ուրախության տուն է, այն սգո տուն չէ:

Եթե դու հասկանում ես Աստծո Խոսքը, դա արդեն մեծ պատճառ է ուրախանալու համար: Սատանան վախենում է այն մարդկանցից, ովքեր իրենց ուրախությունը կապում են Աստծո Խոսքի հետ:

Մի՛ ասա՝ կյանքն է ինձ տխրեցրել: Կյանքը Հիսուսն է, իսկ Հիսուսը քեզ ուրախություն է տվել:

Տիգրան Թադևոսյանի 03.11.2019թ. կիրակնօրյա քարոզից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ