Թիթեռը
Թրթուռն իր շուրջը հարսնյակ գործեց, որ դառնա թիթեռ: Մարդը սկսեց հետևել, թե երբ է հարսնյակից թիթեռ դուրս գալու:
Եվ ահա, իր ժամանակին հարսնյակը ճեղքվեց: Նորածին թիթեռը մի քանի ժամ ամբողջ ուժով պայքարում էր, որ դուրս գա առաջացած նեղ ճեղքից:
Բայց ջանքերն ապարդյուն էին, և թիթեռը դադարեցրեց պայքարը: Կարծես թե նա այլևս ուժ չուներ պայքարելու: Մարդը որոշեց օգնել խեղճ թիթեռին: Նա վերցրեց մկրատը և մեծացրեց հարսնյակի ճեղքը: Թիթեռն առանց ճիգ գործադրելու դուրս եկավ հարսնյակից: Բայց չգիտես ինչու նրա մարմինն ուռած էր, իսկ թևերը չոր էին ու կեռ:
Մարդը շարունակում էր դիտել թիթեռին: Նա հույս ուներ, որ ուր որ է թիթեռի թևերը կուղղվեն ու կզորանան: Բայց դա տեղի չունեցավ: Թիթեռը այդպես էլ մնաց ուռած մարմնով ու չորացած թևերով: Նա միայն սողալ էր կարողանում: Իսկ թռչել նրան վիճակված չէր:
Մարդը բարի էր ու անհամբեր: Օգնելով թիթեռին նա չէր գիտակցում, որ նեղ հարսնյակն ու պայքարելու անհրաժեշտությունը Աստծո մտահղացումն են: Միայն պայքարի արդյունքում հեղուկը թիթեռի մարմնից կհոսեր դեպի թևերը և հարսնյակից դուրս գալով` նա կունենար հզոր թևեր և ի վիճակի կլիներ թռչել:
Հաճախ պայքարը հենց այն է, ինչն անհրաժեշտ է մեզ: Եթե Աստված թույլ տար մեզ կյանքում ընթանալ առանց փորձությունների ու պայքարի, ապա մենք «անդամալույծներ» կլինեինք: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան պետք է լինենք:
Ու այդպես էլ չէինք իմանա, թե ինչ է նշանակում թռչել: