Վազի՛ր Աստծո մոտ

Վազի՛ր Աստծո մոտ
«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»:

Ա Հովհաննեսի 1. 9

 Ի~նչ հիասքանչ է, երբ գիտես, որ ազատ ես մեղքի և մահվան օրենքից: Ի~նչ փառահեղ է, երբ գիտես, որ այլևս ստիպված չես մեղքի գերության տակ լինել: Բայց ի՞նչ ես անում, երբ հակառակ այս հիասքանչ և փառահեղ ճշմարտությունների, դու կրկին անհաջողություն ես կրում այս բնագավառում: Ի՞նչ ես անում, երբ սայթաքում և ընկնում ես մեղքի մեջ:
Վազի՛ր Հորդ մոտ և ապաշխարի՛ր: Դա շատ հեշտ է թվում: Բայց խիստ տարօրինակ է, որ մենք հենց հակառակն ենք անում: Աստծո մոտ վազելու փոխարեն մենք թույլ ենք տալիս, որ վախը և մեղավորության զգացումը մեզ ավելի ու ավելի հեռացնեն Նրանից: Եվ սկսում ենք այսպիսի բաներ մտածել. «Դե, հիմա ձախողվեցի, ուրեմն պետք է ամեն բան մոռանամ ու ապրեմ սատանայի նման»:
Այդպիսի սխալ մի՛ գործիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան փսփսա քո ականջին և դրդի  քեզ մեղք գործել կյանքի որևէ բնագավառում զուտ այն պատճառով, որ դու մեկ այլ  բնագավառում պարտություն ես ունեցել: Երբ շեղվում ես Աստծո ճանապարհից, պարզապես խոստովանի՛ր դա և նորից վերադարձի՛ր ճիշտ ճանապարհին:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, ես այնքան մեղավոր եմ զգում, երբ Աստծուն պատմում եմ իմ արածի մասին, որ դժվարանում եմ խոստովանել»:
Գիտեմ, գիտեմ: Ես նույնպես նման բան զգացել եմ: Մի օր Աստված ասաց ինձ. «Քենե՛թ, երբ խոստովանեցիր քո մեղքը, այդ ժամանակ չէր, որ իմացա դրա մասին: Ես այս ողջ ընթացքում տեղյակ եմ եղել այդ մասին: Երբ խոստովանեցիր, այդ ժամանակ դու ազատվեցիր դրանից և դրա ազդեցություններից»:
Երբ սխալ ես գործում, երբ ինչ-որ բանում թերանում ես, հիշի՛ր, դու դատապաշտպան ունես Հոր մոտ: Դա Հիսուս Քրիստոս Արդարն է (Ա Հովհաննեսի 2. 1): Վազի՛ր Նրա մոտ: Նա գիտի, թե ինչի միջով ես դու անցնում: Կարիք չկա վախենալու: Նա քո գործած մեղքերի պատճառով քեզ ծվեն-ծվեն չարեց, երբ դեռ Նրան քո կյանքի Տերը չէիր դարձրել, չէ՞: Այդ դեպքում քո կարծիքով որքան առավել բարեգութ և սիրող  կլինի Նա հիմա, երբ դու Իրեն ես պատկանում, հիմա երբ փափագում ու սիրում ես Նրան:
Մի՛ փախիր Աստծուց: Վազի՛ր Նրա մոտ: Ընդունի՛ր Նրա ներումը: Ընդունի՛ր Նրա սրբագործումը: Անկախ այն բանից, թե ինչպիսի մեղք ես գործել, Նա պատրաստ է ներել ու մաքրել քեզ քո բոլոր անօրենություններից:                                                        

                                                                                                                                                                                                       Քենեթ  Քոփլանդ

                                                                                                                                                                                                           


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ