Ընտրիր կյանքը, որ ապրես

Ընտրիր կյանքը, որ ապրես
Տես, ես այսօր քո առաջն եմ դնում կեանքը եւ բարին, մահը եւ չարը. Որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես, նորա ճանապարհներումը գնաս, եւ նորա պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես եւ շատանաս, եւ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ այն երկրումը, ուր որ գնում ես նորան ժառանգելու համար։ (2Օրինաց 30:15-16)
Կյանքը կապված է բարու հետ, մահը՝ չարի: Աստված յուրքանչյուրին ընտրության հնարավորություն է տալիս ու չի բռնանում ոչ ոքի կամքի վրա: Եթե դու ընտրես Աստծո Խոսքը, կատարես Նրա կանոններն ու պատվիրանները, Աստված կօրհնի քեզ ու քո երկիրը: Երկրի օրհնությունը կախված է անհատներից: Երկիրը անեծքի տակ են քցում անօրեն մարդիկ՝ հատկապես, եթե նրանք մեծամասնություն են կազմում, բայց մենք պետք է զերծ մնանք ամեն անօրինությունից, որպեսզի չվաստակենք նույն անեծքը: Անհատը կարող է ունենալ իր անձնական օրհնությունը, և անհատը կարող է անեծքի տակ մտնել: Անօրենությունը քանդում է ամեն բան, իսկ արդարությունը ժառանգություն է բերում, ապահովում ապագան: 
Կարևոր չէ, թե ինչ իրավիճակ է քո շուրջը, եթե դու որպես անհատ կատարես ճիշտ ընտրություն, Աստված անգամ անօրեն միջավայրում կօրհնի քեզ ու քո սերունդներին:  
Բայց եթէ քո սիրտը ետ դառնայ, եւ չլսես, այլ մոլորուելով ուրիշ աստուածների երկրպագութիւն անես եւ նորանց պաշտես,  Ես ձեզ այսօր իմաց եմ տալիս, որ անպատճառ կկորչէք, երկար կեանք չէք ունենալ այն երկրի վերայ, ուր որ Յորդանանն անցնելով գնում ես նորան ժառանգելու համար։  Այսօր երկինքն եւ երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը եւ մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. (2 Օրինաց 30:17-19)
Ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ մարդու՝ ճիշտ ընտություն կատարելու համար: Այդ արգելքներից մեկը կաշառքն է: Կաշառքը ուղղակի ֆինանս չէ, դա հոգևոր իրողություն է, որով խաղտվում է Աստծո օրենքը:
Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։ (Հոբ 15:34)
 Կաշառքը գողանում է մարդու ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունը՝ դրդելով ընտրել կեղծիքը: Կեղծիք է, երբ իրականությունը փոխարինվում է ստով, հույսը դնելով դիմացինի միամտության վրա, իսկ կաշառքը խաղտում է ազատ ընտրության կարգը, շահագրգռելով մարդուն, որպեսզի վերջինս սեփական շահի համար աչք փակի ճշմարտության վրա: 
Հրաժարվիր ընտրել չարն ու կեղծիքը, եթե անգամ այն քո հարազատը կամ բարեկամն է առաջադրում: Լավ է ընտրել այն, ինչը ճշմարտություն է` քո հասկացողության չափով, առանց որևէ շահագրգռվածության կամ սխալ շարժառիթի: 
Աստված ուզում է, որ մենք կյանք ունենանք և ավելիով: Նա տալիս է մեզ այդ հնարավորությունը, բացում է մեր առջև ճշմարտությունը: Հիսուսը, աշխարհ գալով, ապացուցել է իր անսահման սերը, ընտրել է մեզ ու մեզ էլ ընտրության հնարավորություն  տվել՝ Իրեն ընտրելու, մեզ մնում է ընտրել Աստծուն, Ճշմարտությունը, հրաժարվել անօրենությունից ու կեղծիքից, և Նա կօրհնի ու կբարձրացնի մեզ: 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ