Ժամանակներ, անուններ

Ժամանակներ, անուններ
Փետրվարի 9-ի կիրակնօրյա քարոզում «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը բացահայտեց դժվարությունները հաղթահարելու գաղտնիքներից մեկը:
Կյանքում լինում են ուրախության ու խաղաղության ժամանակներ: Լինում են նաև ժամանակներ, երբ դժվարության, նեղության մեջ ես: Ինչպե՞ս դուրս գալ այդ վիճակից: Աղոթքով, ծոմով, Խոսքը կարդալով,- կասես դու: Իհարկե՛: Բայց կա ևս մի նրբություն, որ կօգնի հեշտությամբ դուրս գալ նեղության միջից:
«Աստուած բաժանեց լոյսը խաւարից։ Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր» Ծնն.1:4:
Աստված ժամանակը բաժանեց հատվածների և ամեն ժամանակահատվածը կոչեց իր անունով: Մեր կյանքում նույնպես եղել են տարբեր ժամանակներ՝ մանկություն, պատանեկություն, դպրոցական, ուսանողական տարիներ, աշխատանք: Բայց կա երկու կարևոր ժամանակահատված. առաջինը՝ երբ դեռ չէիր ճանաչում Աստծուն՝ խավարը, և երկրորդը՝ երբ ապաշխարհեցիր ու մտար հավատի մեջ՝ Լույսը:
Բաժանի՛ր ժամանակը հատվածների և ամեն հատվածին դիր իր անունը: Մի խուսափիր իրերն իրենց անուններով կոչելուց: Եթե նախկինում գող էիր, սրիկա էիր, շնացող էիր, ապա քո հոգևոր եղբայրների մեջ գտիր երկու-երեք հոգի և նրանց խոստովանի՛ր դա, ասա՝ ես գող էի, սրիկա էի, շնացող էի: Խոստովանել՝ նշանակում է ամեն բան կոչել իրենց անուններով:
Կտրիր հինը նորից ու ասա, որ հիմա դու արդար ես՝ արդարացված ես Հիսուսի արյունով: Ասա՛, որ դու ապրում էիր խավարի մեջ, բայց հիմա անցել ես դեպի Լույսը: «Վասնզի մի ժամանակ խաւար էիք, իսկ հիմա լոյս էք Տէրումը. լոյսի որդիների պէս գնացէք» Եփ.5:8։ Սա է անցյալին հաղթելու բանալին:
Տեսանյութը՝ շուտով: Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ