Կենդանի վկայություն Չարենցավանում

Կենդանի վկայություն Չարենցավանում

Չարենցավանի «Լուսավան» եկեղեցու հովիվ Սուրեն Շահումյանը, համացանցում կարդալով «Նոր Սերունդ» եկեղեցուց Աշոտ Հովսեփյանի վկայությունը, ի դեմս Աշոտի անմիջապես ճանաչել էր իր համադասարանցուն:

Դպրոցն ավարտելուց հետո երեսունհինգ տարի նրանք չէին հանդիպել: Մյուս համադասարանցիներից Սուրենն իմացավ Աշոտի հեռախոսահամարը, զանգեց, զրուցեցին և Սուրենն առաջարկեց Աշոտին այցելել իրենց եկեղեցին և տեղում վկայել իր կյանքի ու ապաշխարության պատմությունը:

Սեպտեմբերի 2-ին Աշոտը մեկնեց Չարենցավան: Աղոթքից, փառաբանության երգերից, Հաղորդությունից, Աստծո Խոսքի ընթերցանությունից և հովվի համառոտ խոսքից հետո Աշոտը պատմեց, թե ինչ փորձությունների ու հրաշքների արդյունքում են ինքն ու իր ամբողջ ընտանիքը դարձել դեպի Հիսուսը: Վկայության ընթացքում մի քանի անգամ քույրերից շատերի աչքերին արցունքներ էին հայտնվում:

Վկայությունից հետո սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցավ ավելի մտերմիկ զրույց հովվի, Աշոտի և «Լուսավան» եկեղեցու մի շարք քույրերի ու եղբայրների միջև: Վերջիններից ոմանք վկայեցին, որ թեև համացանցում կարդացել էին այդ պատմությունը, բայց կենդանի վկայությունը շատ ավելի խորը ազդեցություն թողեց իրենց և բոլորի վրա: Որոշ քույրեր էլ խոստովանեցին, որ վկայությունից հետո իրենք այնպիսի զգացողություն ունեն,որ կարծես նոր են ապաշխարել:

Հանդիպումն ավարտվեց աղոթքով, փոխադարձ ջերմ օրհնություններով ու բարեմաղթանքներով:

«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ