Սերնդափոխություն «Նոր Սերնդում»

Սերնդափոխություն «Նոր Սերնդում»

Այս կիրակնօրյա ծառայությունն առանձնացավ երկու հանգամանքով: Նախ հովիվ Տիգրան Թադևոսյանը խոսեց եկեղեցում ընթացող սերնդափոխության մասին, երբ մանուկները դառնում են պատանի, պատանիները՝ երիտասարդ, իսկ երիտասարդներն էլ մտնում հասուն կյանք: Եվ այս բոլոր փուլերում եկեղեցին ունի իր հատուկ մարտավարությունն ու վերաբերմունքը: Եկեղեցում գործում է կիրակնօրյա մանկական դպրոցը, շատ աշխույժ կերպով զարգանում է պատանեկան ծառայությունը, իսկ երիտասարդական ծառայությունը, բացի ընթացիկ երիտասարդական ծրագրերից, ներգրավված է եկեղեցու գրեթե բոլոր ծառայություններում: Այսպիսով` հովիվ Տիգրանը ներկայացրեց այս երեք ծառայությունների ավագներին՝ հայտնելով իր գոհունակությունը և հորդորելով ավելի զարգացնել ծառայությունները: Հովվի առաջնորդությամբ եկեղեցին աղոթք բարձրացրեց և օրհնեց մանուկներին, պատանիներին և երիտասարդներին:
Այնուհետև այս գեղեցիկ պահերին հաջորդեց հովվի 2012 թվականի վերջին պատգամը՝         
«
Հարաբերություններ առանց միջնորդի» վերնագրով:
Հովիվը նշեց, որ  յուրաքանչյուր հավատացյալ պետք է իր անձնական հարաբերությունն ունենա Տիրոջ հետ: Քրիստոնյան, ով հարաբերություն չունի Քրիստոսի հետ , շատ վտանգավոր մարդ է: Աստծուն ծառայողի և չծառայողի տարբերությունը միայն հոգևոր և նյութական օրհնությունները չեն, այլ նաև այն կարևոր հանգամանքը, որ ծառան ավելի շատ է շփվում Տիրոջ հետ: Մեջբերելով Հովհաննեսի ավետարանի 21-րդ գլխի 13-14 համարները՝ հովիվը կարևորեց այն միտքը, որ եթե մենք սիրում ենք Տիրոջը, ապա անպայման պետք է դա ապացուցենք Իր հոտի նկատմամբ մեր սիրով :  Հիսուսն Իրեն ուրացող Պետրոսին չհանդիմանեց, այլ միայն մեկ հարց տվեց. « Սիրո՞ւմ ես ինձ...» : Այսօր այդ նույն հարցը դեռևս հնչում է յուրաքանչյուրիս համար: Ամփոփելով իր խոսքը՝ հովիվ Տիգրանը հրավիրեց աղոթքի, որպեսզի ամեն քանդված կամ սառած հարաբերություն Տիրոջ հետ վերականգնվի, որպեսզի յուրաքանչյուրի ուխտն Աստծո հետ վերահաստատվի:  Վերջում հովիվն օրհնեց և շնորհավորեց ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ հորդորելով տոնական եռուզեռի մեջ պահել Աստծո հետ մտերմիկ հարաբերությունները:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ