Քույրական ծառայություն «Նոր Սերնդում»
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, «Նոր Սերունդ» ելեղեցում տեղի ունեցավ ծառայություն կանանց համար:
Այս ծառայության անհրաժեշտությունը առավել բացահայտվեց ծառայության ժամանակ, երբ հովիվ Հայկուհու պատրաստած խոսքի և անկեղծ խոստովանության շնորհիվ բացվեցին բազմաթիվ կանանց սրտերում թաքնված ընտանեկան խնդիրներն ու նեղությունները` Աստծո բժշկություն ստանալու համար: Ըստ Եփեսացիների թղթի 5:21-23 խոսքի բարձրացվեց այն ճշմարտությունը, որ կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին ինչպես Տիրոջը, որովհետև ինչպես Քրիստոսն է եկեղեցու գլուխը, այնպես էլ ամուսիններն են կանանց գլուխը: Նման վերաբերմունքը կփոխի ամուսիններին՝ փոխելով և առողջացնելով ընտանիքը: Հովիվ Հայկուհին իր անձնական փորձառության շնորհիվ հաստատեց Աստծո Խոսքի ճշմարտությանը հնազանդվելու կարևորությունը, որի շնորհիվ փոխվել է ինքը՝ փոփոխության միջոց դառնալով իր ընտանիքի կատարյալ միաբանության համար:
Պատգամը պատճառ դարձավ, որ շատ կանայք Աստծո Խոսքի լույսի ներքո վերանայեն իրենց դիրքն ու վերաբերմունքը իրենց ընտանիքներում: Պատգամը հաստատվեց եկեղեցու կին ծառայողների՝ Մարինեի, Կարինե և Նարինե քույրերի, Իրինայի և Անահիտի վկայություններով, որտեղ խոսվեց, թե ինչպես ամեն մեկի ընտանեկան տարբեր նեղություններն ու պրոբլեմները լուծում են ստացել նույն ճանապարհով՝ ճշմարտությունը ճանաչելու և ճշմարտությունը իրենց ընտանիքներում ներդնելու և դրա մեջ ապրելու շնորհիվ:
Վերջում եղավ աղոթքի ծառայություն, որտեղ շատ կանայք արցունքներն աչքերին ապաշխարությամբ կանգնեցին իրենց ընտանիքների համար, ճշմարտությամբ և Աստծո Խոսքին հնազանդվելու միջոցով վերականգնելու ամեն մեռած ու քանդված բան:
Մարինե Կարապետյան